Դեկտեմբերի 16-ի երեկոյան հազարավոր մարդիկ դուրս են եկել Սլովակիայի փողոցներ՝ վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի կառավարության վերջին քայլերի դեմ բողոքելու համար, հաղորդում է AP-ն։
Բողոքի ակցիայի մասնակիցները վրդովված են եղել այն փաստից, որ Ֆիցոյի կառավարությանը հավատարիմ խորհրդարանականները նախորդ շաբաթ հավանություն են տվել Իրազեկողների պաշտպանության վարչության լուծարման պլանին՝ չնայած երկրի ներսում և արտերկրում այդ քայլի վերաբերյալ հնչած քննադատական արձագանքներին։
Մեկ այլ վիճահարույց քայլով պատգամավորները կողմ են քվեարկել այն ապացույցների օգտագործման արգելքին, որոնք հավաքվել են այն կասկածյալներից, ովքեր համագործակցել են իրավապահ մարմինների հետ՝ դատավճռի մեղմացման դիմաց։
Հանրահավաքներ են անցկացվել 10 բնակավայրերում, այդ թվում՝ մայրաքաղաք Բրատիսլավայում, որտեղ Ազատության հրապարակում բողոքողները վանկարկել են. «Հրաժարակա՛ն տուր, հեռացի՛ր»:
«Ամո՛թ, ամո՛թ», – բացականչել են մարդիկ:
Բողոքի ակցիայի մասնակիցները կոչ են արել երկրի նախագահ Պետեր Պելեգրինիին վետո դնել այդ փոփոխությունների վրա:
Նշենք, որ նոյեմբերի 17-ին Սլովակիայում տասնյակ հազարավոր մարդիկ են դուրս եկել բողոքի ակցիայի՝ ընդդեմ Ֆիցոյի և նրա ռուսամետ դիրքորոշման:





























