Նեպալի իշխանությունները հայտնել են Էվերեստը (8,848.86 մետր) մաքրելու հնգամյա համապարփակ գործողությունների ծրագրի մեկնարկի մասին, որը հաճախ անվանում են աշխարհի ամենաբարձր աղբանոցը: Այս մասին տեղեկացրել է The Kathmandu Post թերթը՝ հղում կատարելով աղբյուրներին:

Պարբերականի տվյալներով՝ աշխարհի ամենաբարձր գագաթի աղտոտվածության ճգնաժամը սրվել է կլիմայի փոփոխության պատճառով. հալվող ձյունը եւ սառույցը «բացահայտում են սառցադաշտի տակ երկար ժամանակ թաղված աղբը, ինչպես նաեւ մարդկային մնացորդները, մեծացնելով ջրհավաք ավազանի աղտոտման ռիսկը եւ առողջության համար սպառնալիք ստեղծելով գետերի հոսանքն ի վար ապրող համայնքների համար»:

Հիմալայան պետության մշակույթի, զբոսաշրջության եւ քաղաքացիական ավիացիայի նախարարության հրապարակած ծրագիրը նաեւ կոչ է անում իրականացնել «Էվերեստի բազային ճամբարի (5 364 մետր) տեղափոխման իրագործելիության ուսումնասիրություն՝ աճող բնապահպանական մտահոգությունների ֆոնին»: Այն ձգվում է ավելի քան մեկ կիլոմետր Քհումբու սառցադաշտի երկայնքով եւ գտնվում է անընդհատ շարժվող, հալվող սառցադաշտային հոսքի վրա, որը լի է ժայռերով: Շրջապատված լինելով բարձր, հսկայական սառցաբեկորներով՝ տարածքը հատկապես անկայուն է դառնում ամռանը, երբ հալվող ջուրը հոսում է սառցադաշտով: Գարնանային լեռնագնացության սեզոնի ընթացքում բազային ճամբարը վերածվում է խիտ վրանային քաղաքի, որտեղ բնակվում են հարյուրավոր լեռնագնացներ եւ օժանդակ անձնակազմ՝ վառարաններով, ջեռուցիչներով եւ գեներատորներով, ինչն էլ ավելի է մեծացնում ազդեցությունը շրջակա միջավայրի վրա։

«Կառավարությունը որոշել է ուսումնասիրել բազային ճամբարի տեղափոխման հնարավորությունը լեռնաշղթայի կայունությունն ապահովելու համար»,- ասել է զբոսաշրջության դեպարտամենտի ղեկավար Հիմալ Գաուտամը։ «Ճամբարը գերբնակեցված է եւ խոցելի դիրքում է, հետազոտությունը կգնահատի այլընտրանքային վայրի հեռանկարայնությունը»,- ասել է նա։