Թայվանի ոստիկանությունը կիրակի օրը բացառել է ահաբեկչության վարկածը Թայբեյի մետրոյում տեղի ունեցած դանակահարության գործում, որում հարձակվողը սպանել էր երեք և վիրավորել 11 մարդու, հայտնում է AFP-ն։
27-ամյա տղամարդը ուրբաթ օրը ցերեկը օգտագործել էր ծխային նռնակներ Taipei Main Station-ում, ապա երեք ժամ շարունակ դանակով հարձակվել մարդկանց վրա։ Հետո նա շարժվել էր Չժունշան կայարանի մոտ գտնվող առևտրային թաղամաս, հայտնել են իշխանությունները։
«Հիմնվելով այն տվյալների վրա, որոնք մենք ստացել ենք այս պահին հետաքննության ընթացքում, կասկածյալ Չանը որևէ հայտարարություն չի արել, որը կապված լիներ քաղաքականության, կրոնի կամ որևէ կոնկրետ գաղափարախոսության հետ, և մենք նախնականորեն բացառել ենք ահաբեկչության վարկածը», — AFP-ին հայտնել է Թայբեյի ոստիկանության բարձրաստիճան ներկայացուցիչը՝ անանունության պայմանով։ «Ահաբեկչական գործողություններն ունեն հստակ սահմանում, և կասկածյալը այդ սահմանման տակ չի ընկնում», — հավելել է նա։
Թայբեյի քաղաքապետ Չան Վանանը հայտնել է, որ կասկածյալը նույն օրը հայտնաբերվել է մահացած․ նա ցած է նետվել հարևան շենքից։ Ոստիկանության բարձրաստիճան ներկայացուցիչը նշել է, որ քննիչները նրա iPad-ում հայտնաբերել են որոնումներ «պատահական սպանությունների» մասին, այդ թվում՝ նյութեր, կապված 2014 թվականի մետրոյի դանակահարության հետ, երբ հանցագործը սպանել էր չորս մարդու։
Չանը ծառայել էր բանակում, սակայն հեռացվել էր՝ հարբած վիճակում մեքենա վարելու համար։ Ոստիկանության տվյալներով, նա հետախուզման մեջ էր հայտարարված, քանի որ չէր ներկայացել պահեստազորի ռազմական պատրաստությանը։ Թայվանը պահանջում է, որ նախկին զինվորականները ծառայությունից հետո ութ տարվա ընթացքում անցնեն յոթից մինչև 14 օրյա պահեստազորի պատրաստություն։ Չներկայանալը համարվում է զինվորական ծառայությունից խուսափում։
Դանակահարությունից անմիջապես հետո ուրբաթ օրը պաշտոնյաները հարձակումը անվանել էին «կանխամտածված», սակայն նշել էին, որ դրդապատճառը պարզ չէ։ Ոստիկանությունը հայտարարել է, որ իրենց կարծիքով Չանը գործել է միայնակ և ծրագրել է «պատահական մարդկանց սպանել»։ Հունվարին նա վարձել էր բնակարան այդ շրջանում և նախապես ուսումնասիրել տարածքը։
Ըստ քաղաքապետի, քաղաքը կրկնապատկել է ոստիկանության թվաքանակը կիրակի օրը անցկացվող Թայբեյի մարաթոնի կապակցությամբ և նախատեսում է Նոր տարվա նախօրեին ինտենսիվ վարժանքներ անցկացնել մետրոյի կայարաններում։ Թայվանի առաջնորդ Լայ Ցզինդեն շաբաթ օրը հայտարարել է, որ իշխանությունները պետք է լինեն «ավելի զգուշավոր և նախաձեռնող» և կատարելագործեն արտակարգ իրավիճակներում գործելու կանոնները։




























