Ճապոնական դատարանը պարտավորեցրել է երկրի կառավարությանը մոտ 16.3 միլիոն դոլար փոխհատուցում վճարել հարավասիական Կադենա քաղաքի բնակիչներին՝ ԱՄՆ ռազմաօդային ուժերի համանուն բազայից մեկնող ինքնաթիռների աղմուկի համար: Այս մասին հայտնել է Պենտագոնի «Stars and Stripes» թերթը՝ հղում կատարելով դատարանի փաստաթղթերին:

Դատարանը որոշել է, որ ամերիկյան ինքնաթիռների աղմուկը խաթարում է բնակիչների առօրյա կյանքը եւ նրանց պատճառում «հոգեբանական վնաս՝ տագնապայնության, դյուրագրգռության, քնի խանգարման եւ ինքնաթիռների աղմուկի պատճառով առաջացած [հնարավոր] ինքնաթիռային վթարների վերաբերյալ անհանգստության տեսքով»:

Բնակիչները փոխհատուցում կստանան 2019թ․ սկզբից մինչեւ 2025թ․ կեսերը կրած վնասների համար: Վճարման չափը կախված կլինի նրանից, թե որքան ժամանակ եւ որքան հեռու է բնակիչն ապրել բազայից: Դատարանը նաեւ մերժել է հայցվորների խնդրանքը՝ սահմանափակել ԱՄՆ ռազմաօդային ուժերի գործունեությունը բազայում, քանի որ Ճապոնիայի կառավարությունը նման լիազորություն չունի: Թերթի հետ զրույցում դատարանի ներկայացուցիչը նշել է, որ փոխհատուցում ստացողների ճշգրիտ թիվը անհայտ է, քանի որ ավելի քան 5 000 հայցվորներից մի քանիսը կարող են հետ վերցնել իրենց հայցերը կամ չապրել մինչեւ վերջնական որոշումը:

Կադենան ԱՄՆ ռազմաօդային ուժերի ամենամեծ բազան է երկրի սահմաններից դուրս։ Այն գտնվում է համանուն քաղաքում՝ Օկինավա կղզու պրեֆեկտուրայում, Ճապոնիայի հարավում։ Ինչպես նշել է թերթը, բնակիչները բազմիցս բողոքել են բազայից մեկնող ինքնաթիռների աղմուկից եւ դատական ​​​​հայցեր են ներկայացրել 1980-ական թվականներից ի վեր։ Ամենամեծ գործը, որը դատարանը լուծել է 2017թ․, պարտավորեցրել է կառավարությանը փոխհատուցում վճարել ավելի քան 22 հազար բնակիչների՝ ընդհանուր առմամբ մոտ 265 միլիոն դոլարի չափով։