Թուրքիայի Ադանա քաղաքում տեղի է ունեցել հանրահավաք հարսնացուի ավանդական փրկագնի դեմ. մասնակիցների թիվը հասել է մի քանի հարյուրի, տեղեկացրել է Adana Haber-ը։
Հանրահավաքը տեղի է ունեցել հունվարի 29-ի երեկոյան Սեյհան շրջանի փողոցներում։ Առիթ է հանդիսացել ղալիմի գումարի կտրուկ աճը, որը նահանգի որոշ պահպանողական գյուղական շրջաններում գերազանցել է 1 միլիոն թուրքական լիրը։
Բողոքի հիմնական մասնակիցները երիտասարդներն էին, որոնք դժգոհում էին, որ ղալիմը, բարձր գնաճի ֆոնին, խոչընդոտում է ընտանիք կազմելուն։
Ցուցարարները տանում էին պաստառներ՝ «Քիբար Ֆեյզո» երգիծական կինոնկարից (1978թ.) մեջբերումներով, որտեղ գլխավոր հերոսը պայքարում է հարսնացուի փրկագնի դեմ։ Գլխավոր կարգախոսն էր՝ «Ի՞նչ է, վերադառնանք Քիբար Ֆեյզոյի ժամանակնե՞ր»։
Ցուցարարների կարծիքով՝ ղալիմի ավանդույթը արդարացի չէ երիտասարդության հանդեպ, հատկապես տնտեսական անկման պայմաններում։ Նրանք հավաստիացնում են, որ 40-ից բարձր տարիքի ապահովված տղամարդիկ գերազանցություն են ստանում ամուսնությունների հարցում՝ «փրկագնելով» 20-ամյա աղջիկների, այնինչ երիտասարդ տղամարդիկ նման ֆինանսական հնարավորություն չունեն։
Մասնակիցները պահանջում են իշխանություններից օրենսդրական սահմանափակումներ մտցնել ղալիմի գումարի հարցում կամ լիովին արգելել այն։ Ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցության տարածաշրջանային բաժնի հաղորդմամբ՝ Ադանայի պատգամավորները մտադիր են հարցը բարձրացնել խորհրդարանում։
Տեղի մուֆթիության ներկայացուցիչները հանդես են եկել հայտարարությամբ՝ ընդգծելով, որ «բաշըք փարասը» (başlık parası) ավանդույթը ամուր իսլամական հիմք չունի այն տեսքով, որով կատարվում է այժմ։ Նրանք նշել են, որ իսլամում գոյություն ունի «մահր» հասկացությունը (գույք, որը փոխանցվում է անձամբ հարսնացուին), բայց ամուսնությունը «շուկայական գործարքի» վերածելը եւ հսկայական գումարներ պահանջելը հարսի ծնողներից հակասում են կրոնի ոգուն, տեղեկացրել է SMI Today-ը։




























