Հռոմեական կայսրությունը Տրայանոս կայսեր հավակնոտ արևելյան արշավանքներից հետո հասավ իր առավելագույն տարածքային ընդարձակմանը։ Այդ պատերազմների ընթացքում Հռոմը նվաճեց Դաքիան, Հայաստանը, Միջագետքը, Ասորեստանը և (ժամանակակից Իրաքում) գրավեց Պարթևական մայրաքաղաք Տիզբոնը (հունահռոմեական աղբյուրներում հիշատակվում է որպես Կտեսիփոն) հիշեցնում է Naked Science-ը։
Թեև պատմաբանները Տրայանոսին համարում են Հռոմի լավագույն կայսրերից և Հռոմի պատմության ամենաակնառու զորավարներից մեկը, նրա հասած հզորության գագաթնակետը կարճատև էր։
Տրայանոսը ծնվել է Իսպանիայի Իտալիկա քաղաքում, ժամանակակից Սևիլիայի մոտ։ Նա արհեստավարժ զինվորական էր, բարձրացել էր բանակային աստիճանակարգի բոլոր աստիճաններով և ձեռք էր բերել բացառիկ ձեռնահաս և հարգանք վայելող հրամանատարի համբավ։ Անզավակ կայսր Մարկոս Կոկկեոս Ներվասը նրան որդեգրեց և նշանակեց իր ժառանգորդ, իսկ Ներվասի մահից հետո՝ 98 թվականին, գահ բարձրացավ Տրայանոսը։
Որպես կայսր՝ Տրայանոսը հայտնի դարձավ ինչպես իր լայնածավալ քաղաքացիական նախագծերով, այնպես էլ ռազմական զավթողականությամբ։ Նա կառուցեց ճանապարհներ, նավահանգիստներ, ջրատարներ և Տրայանոսի ֆորումը Հռոմում՝ միաժամանակ վճռականորեն նվաճելով հեռավոր երկրներ։
Պատմությունը ցույց է տալիս, որ ցանկացած կայսրություն բախվում է մշակութային, աշխարհագրական, լոգիստիկ և վարչական աճի սահմանափակումների, որոնք խանգարում են նրանց անվերջ ընդլայնվելուն։
Տրայանոսը մոտեցավ այս սահմաններին և, ի վերջո, հասավ ջլատության կետին։ Դակիայի (ժամանակակից Ռումինիա) նվաճումը, թերևս, նրա ամենախոշոր ռազմական հաջողությունն էր, որը գրեթե երկու դարով ապահովեց Հռոմեական տիրապետությունը տարածաշրջանում։ Սակայն նրա արևելյան արշավանքները նվազ կայուն էին։
Պարթևստանի՝ այդ ժամանակվա երկրորդ միջերկրածովյան գերտերության հետ պատերազմները հանգեցրին Հայաստանում, Միջագետքում և Ասորեստանում սրընթաց ընդլայնման։ Սակայն այդ հսկայական նվաճումները չափազանց փխրուն էին։





























