Բրիտանական Jet2 ավիաընկերությունը հայտարարել է, որ ցմահ արգելել է երկու ուղևորի թռիչքներն այն բանից հետո, երբ նրանք հինգշաբթի Մանչեսթեր ուղևորվող չվերթի ժամանակ կռիվ են սարքել, ինչի պատճառով ինքնաթիռը ստիպված է եղել այլ վայրում վայրէջք կատարել, հայտնում է NBC News-ը։

Ըստ ավիաընկերության, ինքնաթիռը թռչում էր թուրքական Անթալիայից, երբ օդում կռիվ է սկսվել։ Պատճառն անհայտ է։

Ըստ ավիաընկերության տեղեկության, միջադեպի պատճառով չվերթն ուղղվել է Բելգիայի մայրաքաղաք Բրյուսել։

Jet2 բյուջետային ավիաընկերությունը, որն անցյալ տարի թողարկել էր հայտնի գովազդային հոլովակը, երկու ուղևորների վարքագիծն անվանել է «սարսափելի»։

«Ոստիկանությունը նրանց երկուսին էլ իջեցրել է Բրյուսելում, և չվերթը շարունակվել է դեպի Մանչեսթեր,- ասված է ավիաընկերության հայտարարության մեջ։- Հաստատում ենք, որ կարգազանց երկու ուղևորներին ցմահ կարգելվի թռչել մեզ հետ, և մենք հետևողականորեն կպահանջենք փոխհատուցել այս միջադեպի հետևանքով կրած ծախսերը»։

Համացանցում տեսանյութ է հայտնվել, որտեղ պատկերված է վեճը։ Կադրերում երկու տղամարդ սկսում են հարվածել միմյանց, մինչև մյուս ուղևորները կմիջամտեն։ Լսվում է, թե ինչպես են շատերը կոչ անում դադարեցնել կռիվը։

«Որպես ընտանեկան ավիաընկերություն՝ մենք որդեգրել ենք ուղևորների կարգազանց վարքագծի նկատմամբ բացարձակ անհանդուրժողականության սկզբունքը, և շատ ցավում ենք, որ մյուս հաճախորդներն ու մեր գործընկերները նույնպես ստիպված են եղել առնչվել դրա հետ»,- հայտարարել են ավիաընկերությունից։