Հնդկաստանի արևմտյան Գուջարաթ նահանգի անվտանգության ուժերը բարձր մարտական պատրաստության են բերվել՝ տարածաշրջանի խոշորագույն քաղաքների՝ Ահմադաբադի և Վադոդարայի 24 դպրոցներում էլեկտրոնային փոստով ստացված ռումբի մասին սպառնալիքներից հետո։ Այս մասին հաղորդում է ANI լրատվական գործակալությունը:
Ուսումնական հաստատությունների սովորողներն ու անձնակազմը տարհանվել են։ Դպրոցներում կինոլոգները շների ուղեկցությամբ իրականացնում են պայթուցիկ սարքերի որոնման աշխատանքներ։ Կիբերհանցագործությունների դեմ պայքարի ծառայության աշխատակիցները պարզում են սպառնալիք պարունակող նամակների աղբյուրները և միջոցներ են ձեռնարկում չարագործներին հայտնաբերելու ուղղությամբ։
«Գուջարաթի կառավարությունը մտահոգված է դպրոցներում պայթյունների սպառնալիքներով։ Հնարավոր ահաբեկչական հարձակումների մասին բոլոր հաղորդումները մանրակրկիտ ստուգվում են», - հայտարարել է նահանգի վարչակազմը։
Ինչպես պարզվել է, Գուջարաթի դպրոցներին ուղղված սպառնալիքների տեքստը լիովին նույնական է եղել այն սպառնալիքներին, որոնք հունվար-փետրվար ամիսներին ստացել էին Նյու Դելիի ավելի քան 10 դպրոցներ։ Դրանք բոլորն էլ կեղծ են եղել։




























