Չինաստանը հինգշաբթի օրը հանրայնացրել է 2026-2030 թվականների զարգացման հիմնական նպատակները։ Դրանք ներառված են կառավարության աշխատանքային զեկույցում, որը ներկայացվել է 14-րդ գումարման Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի (ԺՆՀԺ) 4-րդ նստաշրջանի քննարկմանը։ Այս մասին հայտնում է «Սինհուա» գործակալությունը։

Ըստ զեկույցի՝ առաջիկա հինգ տարիների ընթացքում Չինաստանը մտադիր է ՀՆԱ-ի աճը պահպանել ողջամիտ միջակայքում, իսկ տարեկան ցուցանիշները սահմանել՝ ելնելով տվյալ ժամանակահատվածի կոնկրետ պայմաններից։

Սա ամուր հիմքեր կստեղծի մինչև 2035 թվականը մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն կրկնապատկելու (2020 թվականի ցուցանիշի համեմատ) և միջին զարգացվածության երկրների մակարդակին հասնելու համար։

Նորարարական և «կանաչ» զարգացումն ապահովելու նպատակով՝ Չինաստանում գիտահետազոտական և փորձակոնստրուկտորական աշխատանքների (ԳՀՓԿԱ) ծախսերի տարեկան միջին աճը կկազմի ավելի քան 7%։ Բացի այդ, նախատեսվում է 2026-2030 թվականների ընթացքում ՀՆԱ-ի ածխածնատարությունը նվազեցնել ընդհանուր առմամբ 17%-ով։

Զեկույցի համաձայն՝ Չինաստանը մտադիր է նաև մինչև 12,5% բարձրացնել թվային տնտեսության առանցքային ճյուղերի ավելացված արժեքի տեսակարար կշիռը ՀՆԱ-ում, իսկ բնակչության կյանքի միջին սպասվող տևողությունը հասցնել 80 տարեկանի։

15-րդ հնգամյա ծրագրի նպատակների և խնդիրների արդյունավետ իրականացման համար Չինաստանն առաջադրում է ընդհանուր առմամբ 109 խոշոր նախագիծ՝ վեց հիմնական ուղղություններով։ Դրանք ներառում են նոր որակի արտադրողական ուժերի զարգացումը, ինչպես նաև ժողովրդի բարեկեցության ապահովումն ու բարելավումը։