«Ճշմարիտ խոստում — 4» գործողության 28-րդ ալիքի ընթացքում մի քանի անգամ հարվածներ են հասցվել Հորդանանում գտնվող «Ալ Ազրաք» ավիաբազայի ենթակառուցվածքին, որն ամերիկյան կործանիչների ամենախոշոր և ամենաակտիվ հարձակողական բազան է։ Այս մասին հայտնում է Tasnim-ը՝ հղում անելով Իրանի ԻՀՊԿ հայտարարությանը։

Ըստ ԻՀՊԿ հաղորդագրության, «Խեյբար» հրթիռներով թիրախավորվել են նաև Թել Ավիվի և Բեեր Շևայի ռազմական օբյեկտները։

Հայտարարության մեջ նաև նշվում է, որ «առաջիկա ժամերին և օրերին Իրանի զինված ուժերի հարձակումների մասշտաբն ու խորությունն ընդլայնվելու են՝ ի պատասխան ԱՄՆ-ի և Իսրայելի բանակների գործողությունների»։

Հիշեցնենք, որ փետրվարի 28-ից ԱՄՆ-ն և Իսրայելը հարձակվում են Իրանի տարածքի վրա, ինչը հանգեցրել է ավերածությունների և մարդկային զոհերի։ Ի պատասխան՝ Իրանը հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելին և տարածաշրջանում ԱՄՆ ռազմաբազաներին։ Իսրայելի և ԱՄՆ հարձակման հետևանքով սպանվել են նաև Իրանի գերագույն առաջնորդ այաթոլա Ալի Սեյեդ Խամենեին և երկրի այլ բարձրաստիճան պաշտոնյաներ։

Մարտի 2-ին Իսրայելի դեմ պատերազմի մեջ է մտել նաև «Հեզբոլահ» շարժումը։ Իսրայելը հայտնել է շարժման դեմ հարձակողական գործողություն սկսելու մասին։