Ճապոնիայի ցամաքային ինքնապաշտպանության ուժերը հեռահար հրթիռների արձակման կայանքներ և այլ սարքավորումներ են հասցրել Կումամոտո քաղաքի «Քենգուն» ռազմաբազա։ Այս մասին մարտի 9-ին հայտնել է The Japan Times (JT) պարբերականը՝ վկայակոչելով իր աղբյուրները։

«Հրթիռային սարքավորումներ տեղափոխող տրանսպորտային միջոցները շաբաթ օրը՝ մարտի 7-ին, դուրս են եկել Սիձուոկա պրեֆեկտուրայի «Ֆուձի» ռազմակայանից և երկուշաբթի օրը՝ մարտի 9-ի վաղ առավոտյան, ժամանել են «Քենգուն» ճամբար», — նշված է նյութում։

Նախապատրաստական աշխատանքներն իրականացվում են Type-12 («Տիպ-12») արդիականացված հրթիռային համակարգի տեղակայման համար։ Ըստ հրապարակման՝ կատարելագործված Type-12 հրթիռներն ունակ են թռչել շուրջ 1000 կմ և հայտնի են որպես «հեռահար հրթիռներ, որոնք կարող են հարված հասցնել հակառակորդի կրակային խոցման կամ հակաօդային պաշտպանության գոտուց դուրս գտնվող օբյեկտներին»։

Կումամոտոյի քաղաքապետ Կազուֆումի Օնիսին ցավալի է անվանել այն փաստը, որ Ճապոնիայի պաշտպանության նախարարության կողմից նախնական բացատրություններ չեն տրվել «Քենգուն» ռազմաբազա հրթիռային սարքավորումների տեղափոխման վերաբերյալ։ Նրա խոսքով՝ այդ մասին հայտնի է դարձել լրատվամիջոցներից։