Թուրքական պետական Halkbank-ը հայտարարել է ԱՄՆ արդարադատության նախարարության հետ համաձայնության գալու մասին։ Սա վերջակետ է դնում բանկի դեմ տարիներ շարունակվող քրեական գործին, որը հարուցվել էր Իրանի դեմ սահմանված պատժամիջոցները խախտելու մեղադրանքով։
Համաձայն քրեական հետապնդման հետաձգման պայմանների՝ բանկը «չի ընդունելու որևէ քրեական հանցագործության կատարում և չի վճարելու որևէ դատական կամ վարչական տույժ»։ Այս մասին, ըստ AFP-ի, նշված է բանկի երկուշաբթի երեկոյան տարածած հայտարարության մեջ։
Այս քայլն, ըստ էության, նպատակ ունի վերջնականապես փակել այն դատական գործը, որը երկար ժամանակ լարվածության աղբյուր է եղել Վաշինգտոնի և Անկարայի հարաբերություններում։
Հիշեցնենք, որ 2019 թվականին ԱՄՆ դատախազությունը քրեական մեղադրանքներ է ներկայացրել Halkbank-ին՝ կասկածելով բանկին իրանական նավթի և բնական գազի վաճառքից ստացված միլիարդավոր դոլարների լվացման սխեմայի մեջ ներգրավված լինելու համար՝ շրջանցելով Թեհրանի դեմ սահմանված պատժամիջոցները։
«Համապատասխանության վերաբերյալ հաշվետվության ներկայացումից հետո Halkbank-ը և Նյու Յորքի դատախազությունը դատարան կուղարկեն համատեղ նամակ՝ գործը կարճելու միջնորդությամբ։ Դատարանի հավանությունից հետո ԱՄՆ-ում մեր բանկի դեմ հարուցված քրեական գործը կհամարվի ավարտված», - ասված է հայտարարության մեջ։
Թուրքական բանկը հայտնել է, որ ԱՄՆ ֆինանսների նախարարության Օտարերկրյա ակտիվների վերահսկողության վարչությունը (OFAC), որը պատասխանատու է պատժամիջոցների կիրառման համար, տեղեկացրել է իրենց, որ «դադարեցրել է Halkbank-ի նկատմամբ վարչական վարույթը և այլևս որևէ գործողություն չի ձեռնարկելու»։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը բազմիցս հերքել է բանկին ուղղված մեղադրանքները՝ պնդելով, որ Անկարան չի խախտել Իրանի նկատմամբ ԱՄՆ սահմանած էմբարգոն։ Նա նաև մեղադրել է իր քաղաքական հակառակորդներին այս գործում ներգրավված լինելու մեջ։
Ակնհայտ նշաններ կային, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պատրաստ է եղել վերջակետ դնել ձգձգվող դատական գործընթացին, ինչը քննարկվել է սեպտեմբերին Սպիտակ տանը Էրդողանի հետ ունեցած բանակցությունների ժամանակ։ Մեկ ամիս անց, ելույթ ունենալով լրագրողների առջև, Էրդողանն ասել էր, որ Թրամփն իրեն հավաստիացրել է, որ Halkbank-ի հետ կապված բարդ իրավական խնդիրը «լուծված է»։
Հիշեցնենք, որ ԱՄՆ արդարադատության նախարարությունը Halkbank-ին ներկայացրել էր վեց մեղադրանք՝ խարդախության, փողերի լվացման և պատժամիջոցների խախտման վերաբերյալ։ Սա համարվում էր պատժամիջոցների շրջանցման ամենալուրջ դեպքերից մեկը, որը երբևէ քննվել է գերատեսչության կողմից։
Դատական փաստաթղթերի համաձայն՝ լվացված միջոցներն օգտագործվել են ոսկի գնելու համար, մինչդեռ գործարքները քողարկվել են որպես սննդամթերքի և դեղորայքի գնումներ՝ պատժամիջոցների «հումանիտար բացառությունների» տակ ընկնելու նպատակով։
Այս գործով արդեն իսկ մեղավոր են ճանաչվել մի քանի հոգի, այդ թվում՝ բանկի գլխավոր տնօրենի տեղակալ Մեհմեթ Հաքան Աթիլլան, ով դատապարտվել էր 2018 թվականին։ Նա մեկ տարի անցկացրել է բանտում, այնուհետև ազատ արձակվել և Թուրքիա վերադառնալուն պես արժանացել հերոսական ընդունելության։





























