Մեծ Բրիտանիայի կառավարությունը հայտարարել է Իրանի հետ կապված երթի արգելքի մասին՝ վկայակոչելով լուրջ բախումների վերաբերյալ մտավախությունը, հաղորդում է Pollitico-ն։

1979 թվականից ի վեր անցկացվող Ղոդսի օրվա՝ (Պաղեստինի անկախության համար պայքարին նվիրված և հրեական պետության դեմ պայքարի կողմնակիցների համերաշխության օր –խմբ.) ամենամյա երթը նախատեսված էր անցկացնել այս կիրակի Լոնդոնի կենտրոնում։

Ներքին գործերի նախարար Շաբանա Մահմուդը հայտարարել է, որ աջակցում է մայրաքաղաքի ոստիկանության՝ երթն արգելելու խնդրանքին, քանի որ «կարծում է, որ դա անհրաժեշտ է լուրջ հասարակական անկարգությունները կանխելու համար՝ հաշվի առնելով բողոքի ակցիայի մասշտաբները և բազմաթիվ հակաբողոքի ակցիաները» Մերձավոր Արևելքում շարունակվող հակամարտության ֆոնին։

Սա 2012 թվականից ի վեր առաջին դեպքն է, որ մայրաքաղաքի ոստիկանությունը օգտագործում է իր լիազորությունները՝ բողոքի ակցիաները արգելելու համար։

Լոնդոնի ոստիկանության փոխկոմիսար Ադե Ադելեկանը նշել է, որ նախատեսված երթը «ստեղծում է եզակի ռիսկեր և մարտահրավերներ», այդ թվում՝ «ցուցարարների և հակաբողոքարարների մեծ թիվը, ինչպես նաև տարբեր խմբերի միջև չափազանց լարված հարաբերությունները»։

Երթը կազմակերպող իսլամական մարդու իրավունքների հանձնաժողովը դատապարտել է որոշումը և հայտարարել, որ բողոքի ակցիա կանցկացնի։ «Եթե արդեն պարզ չէր, ոստիկանությունը բացահայտորեն հրաժարվել է առանց վախի կամ կողմնակալության գործելու իր սկզբունքից,- ասվում է կազմակերպության կայքում տեղադրված հայտարարության մեջ: -Սա քաղաքական դրդապատճառներով պայմանավորված որոշում է, այլ ոչ թե լոնդոնցիների անվտանգության համար ընդունված որոշում»: