Մենք էժանագին քարոզչական թեմաներ չենք քննարկում, իսկ այդ ամբողջ խոսույթը ես գնահատում եմ որպես էժան քարոզչամիջոց։ Այս մասին, այսօր՝ ապրիլի 13–ին, մամուլի ասուլիսում նշեց «Հայկական խորհուրդ» կազմակերպության ղեկավար, «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության հայկական կողմի համակարգող Արեգ Քոչինյանը՝ անդրադառնալով հարցին, թե Ադրբեջանում հանդիպումների ժամանակ քննարկե՞լ են արդյոք Ադրբեջանից հնչող 300 հազար ադրբեջանցիների Հայաստանում վերաբնակեցնելու մասին թեզերը։
Ինչ վերաբերում է նրան, որ Ադրբեջանում անձնագրեր են տրամադրում որոշակի մարդկանց, որոնք պետք է վերադառնան հայաստան, Քոչինյանն ասաց. «Այն փաստաթղթերը, որոնք դուք անձնագրեր եք կոչում, դրանք ըստ էության մի հասարակական կազմակերպության կողմից տպած թղթի կտորներ են, դրանք անձնագրեր չեն։ Ընդհանուր առմամբ, այո, երկու հասարակություններում էլ կան շատ տարբեր մարդիկ, որոնք ունեն շատ տարբեր նպատակներ, շատ տարբեր պատկերացումներ հակառակ կողմի մասին։
Ի դեպ մեզանում շատ տարածված մի ֆենոմեն է, որ մենք Ադրբեջանը ընկալում ենք որպես միատարր, մի շերտից բաղկացած մի երևույթ, որն այդպես չի։ Ինչպես մեզ մոտ կան մարդիկ, որոնք շատ կոշտ դիրքորոշում ունեն և ասում են՝ ոչ մի խաղաղություն էլ հնարավոր չի Ադրբեջանի հետ, դա ինքնախաբեությունէ։ Նույնկերպ այնտեղ կան մարդիկ, որոնք ասում են՝ Հայաստանի հետ խաղաղությունը հնարավոր չի։ Ինչպես մեզ մոտ կա խոսույթ, որ թուրքը մնում է թուրք, իրենք էլ ունեն դրա ճիշտ հակառակը՝ հայը մնում է հայ։
Հիմա քննարկո՞ւմ ենք արդյոք մենք մի թեզ, որն անիրատեսական է, անհնարին է և բացահայտ քարոզչական է, ոչ չենք քննարկում, որովհետև դրա իմաստը չկա, որովհետև չկա աշխարհի երեսին հնարավորություն, որ Ադրբեջանը չէ, Թուրքիան չէ, Միացյալ Նահանգները չէ, աշխարհի երեսին որևէ պետություն կարողանա կազմակերպել, որպեսզի Հայաստանում 300 000 ադրբեջանցի տեղափոխվի ու բնակվի։
Որովհետև մինչև այս պահը իրենք անգամ Ղարաբաղ չեն կարողացել 100 000 մարդ տեղափոխել, որը գտնվում է իրենց վերահսկողության ներքո»,–ասաց նա։
Իր հերթին «Հայկական խորհուրդ» վերլուծական կենտրոնի ասոցացված փորձագետ Նարեկ Մինասյանը նշեց, որ Ադրբեջանում կայացած հանդիպումների ժամանակ քննարկվել է նաև հարցը, թե տարածաշրջանային այս զարգացումներն ինչպես կարող են ազդել TRIPP-ի կյանքի կոչման վրա՝ հաշվի առնելով, որ իրանական ուղղությամբ զարգացումները դեռևս շարունակվում են։
«Ուշագրավ էր նաև այն հանգամանքը, որ ադրբեջանական կողմը բավականին հստակ ուղերձ հղեց, որ իրենց ընկալմամբ Հայաստանը և Ադրբեջանն անվտանգային առումով մեկ նավակի մեջ են, և տարածաշրջանային մարտահրավերներն ընդհանուր են, հետևաբար պետք է գնահատել նաև ներկայիս իրավիճակը և փորձել այն ամրապնդել:
Միևնույն ժամանակ կար նաև այն կարծիքը, որ երկու երկրների միջև հարաբերությունների ներկայիս մակարդակը և կարգավորման գործընթացում առկա ձեռքբերումները որոշակի անվտանգային իմունիտետ են ստեղծել երկու երկրի համար, որի բացակայության դեպքում մեծ կլիներ ռիսկը, որ երրորդ երկրները կարող են միջամտել, և տարածաշրջանային այս պատերազմը կարող է նաև ընդլայնել իր աշխարհագրությունը»։
Նարեկ Մինասյանը նաև ընդգծեց, որ Գաբալայում տեղի ունեցած հանդիպման ընթացքում բարձրաձայնել ենք ադրբեջանական պետական լրատվամիջոցներում շրջանառվող հայկական նարատիվների հարցը. «Քննարկումը բավականին բազմակարծիք էր, և առնվազն արձանագրել ենք նաև այն հանգամանքը, որ երկու մասով կան որոշակի տարբերություններ, մասնավորապես՝ առաջինը պետական նարատիվներն են կամ բարձրաստիճան պաշտոնյաների կողմից օգտագործվող հռետորաբանությունը:
Եթե մենք համեմատում ենք կամ պարզ մոնիթորինգ ենք անցկացնում 1 տարի առաջվա իրավիճակի և այսօրվա իրավիճակի միջև, տեսնում ենք, որ կան որոշակի դրական միտումներ քանակական և որակական առումով: Արդյոք ամեն բան իդեալակա՞ն է, իհարկե ո՛չ, որովհետև պարբերաբար նաև հնչում են որոշակի խնդրահարույց թեզեր: Բայց, այնուամենայնիվ, դինամիկան դրական է:
Սակայն նույն դրական դինամիկան մենք, ցավոք սրտի, չունենք ադրբեջանական պետական մեդիաների դաշտում, և այս հարցը բարձրաձայնել ենք, որովհետև կարծում ենք՝ սա ևս խնդրահարույց է, և որևէ ձևով չի տեղավորվում խաղաղության տրամաբանության շրջանակում:
Հետաքրքիր էր նաև այն հանգամանքը, որ իրենց կողմից ընդունվեց, որ կա նման խնդիր, և միևնույն ժամանակ նշվեց, որ փոփոխությունները ժամանակ են պահանջում: Միևնույն ժամանակ իրենք էլ մոնիթորինգ են իրականացնում հայկական մեդիաներում, և իրենք էլ իրենց մտահոգություններն ունեին հայկական մեդիադաշտում շրջանառվող որոշակի կոշտ քոնթենտի հետ կապված»,- ասաց նա:




























