Լեհաստանի ազգային դատախազությունն առաջիկայում կարող է մեղադրանք առաջադրել նախկին վարչապետ Մատեուշ Մորավեցկուն՝ Ռազմավարական պահուստների պետական գործակալությունում (RARS) թույլ տրված չարաշահումների գործով։ Այս մասին հայտնում է Onet պարբերականը՝ վկայակոչելով իր աղբյուրները։
Ըստ հրապարակման՝ հետաքննությունը վերահսկում է Կատովիցի դատախազության ղեկավարությունը։ Գործով առանցքային մեղադրյալը Red is Bad ընկերության սեփականատեր Պավել Շ.-ն է, որը նոր ցուցմունքներ է տվել։ Նրա ընկերությունը գործակալության հետ համագործակցել է նաև Ուկրաինայի համար գեներատորների մատակարարման հարցում։ Քննությունը փորձում է պարզել, թե արդյոք նա և գործակալության նախկին ղեկավար Միխալ Կուչմերովսկին գործել են Մորավեցկու իմացությամբ, թե ոչ։ Հատկանշական է, որ նախկին վարչապետը մինչ այս պահը ներգրավված չի եղել գործում (նույնիսկ որպես վկա)։
Գործակալությունում առկա մեքենայությունների, այդ թվում՝ ուռճացված գներով գեներատորների գնման փաստով հետաքննությունը սկսվել է 2024 թվականի հունիսին։ Այս պահին մեղադրանք է առաջադրվել հինգ անձի։ Պավել Շ.-ն կալանավորված է, իսկ Կուչմերովսկին գտնվում է Լոնդոնում, որտեղ քննարկվում է նրան Լեհաստանին արտահանձնելու հարցը։





























