Ադրբեջանում, ծանր հանցագործությունների դատարանում դեկտեմբերի 3-ին կայացել է ոստիկանության 6 նախկին աշխատակիցների դեմ դատավարությունը, որոնք մեղադրվում են արտարժույթի փոխանակման կետերի եւ այլ հիմնարկությունների վրա կատարած ավազակային հարձակումների համար:

Ինչպես հաղորդում է «APA»-ն, դատարանի վճռով ՆԳՆ Կազմակերպված հանցագործությունների դեմ պայքարի վարչության աշխատակից Մեհտի Ամիրալիեւը եւ մի քաղաքային բաժնի աշխատակից՝ Իրաջ Նասրուլաեւը, դատապարտվել են 15 տարվա, Ջեյհուն Գարաեւն ու Իսմայիլ Ֆեյզիեւը՝ 12, Սեյրան Բաղիրովը՝ 10, Ռաուֆ Ռզաեւը՝ 4 տարվա ազատազրկման: Ավազակախումբը Բաքվի տարբեր շրջաններում 20 հանցագործություն է կատարել: Ամբաստանյալների դեմ մեղադրանք է առաջադրվել՝ մի խումբ անձանց կողմից կանխամտածված սպանության, թալանի, կողոպուտի, ավազակության, ապօրինի զենք կրելու, պահելու եւ օգտագործելու համար: