Հայտնի լեհ ռեժիսոր Ռոման Պոլանսկին գրավի դիմաց ազատ է արձակվել Շվեյցարիայի Վինտերտուր (Ցյուրիխի կանտոն) քաղաքի բանտից: Սակայն ներկայումս նրա գտնվելու վայրը գաղտնի է պահվում` անվտանգության նկատառումներից ելնելով:

Ավելի վաղ տեղեկացվել էր, որ ռեժիսորը բանտը թողնելուց հետո պետք է գնա Գաստադ ավանում գտնվող իր սեփական տունը: Այստեղ նա պետք է տնային կալանքի պայմաններում սպասեր շվեյցարական դատարանի որոշմանը` կապված իրեն ԱՄՆ-ին հանձնելու հետ, որտեղ Պոլանսկու դեմ քրեական գործ է հարուցված:

Մեկ շաբաթ առաջ Շվեյցարիայի դաշնային դատարանը որոշում է կայացրել բաց թողնել Պոլանսկուն 4,5 միլիոն ֆրանկ (4,6 միլիոն դոլար) գրավի դիմաց:

Հիշեցնենք, որ լեհ ռեժիսորը ձերբակալվել է այս տարվա սեպտեմբերի 26-ին Ցյուրիխ ժամանելուն պես: Ձերբակալման հիմնավորումը եղել է ԱՄՆ իշխանությունների կողմից տրված ձերբակալման օրդերը: Բանն այն է, որ Պոլանսկին 1970-ական թվականներին մեղադրվել է անչափահաս` 13-ամյա Սամանթա Գեյմերի հետ անօրինական կապեր ունենալու մեջ: Չսպասելով դատական գործընթացին, նա 1978 թվականին ԱՄՆ-ից մեկնել է Եվրոպա, որտեղ ի լրումն իր ունեցած լեհական քաղաքացիության, ստացել է նաեւ Ֆրանսիայի քաղաքացիություն: Այս տարվա հոկտեմբերի վերջին ԱՄՆ իշխանությունները պաշտոնապես դիմել են Շվեյցարիային` խնդրելով էքստրադիցիայի ենթարկել Պոլանսկուն: