Քրդական «Ժողովրդավարական հասարակություն» կուսակցության անդամ 98 քաղաքապետեր հավաքվել են Թուրքիայի հարավ-արեւելքում գտնվող Դիարբեքիրի (Տիգրանակերտ) քաղաքապետարանի դիմաց եւ հանդես եկել Իմրալի կղզում ցմահ բանտարկված PKK (Քրդական բանվորական կուսակցություն) առաջնորդ Աբդուլահ Օջալանի բանտային պայմանների բարելավման պահանջով։ Իսկ Դիարբեքիրի քաղաքապետը հանդես է եկել հետաքրքիր առաջարկով։ Այս մասին տեղեկացնում է թուրքական Hurriyet-ը։
«Մենք „Ժողովրդավարական հասարակություն“ կուսակցության անդամներս, ներկայացնում ենք 98 քաղաք։ Պետությունը պետք է հրաժարվի հակաքրդական քաղաքականությունից։ Հարցի անունը՝ քրդական հարց է։ Հարցի պատճառը՝ քուրդ ինքնության մերժումն է։ Քրդերը խաղաղության կառուցելու համար վճռական են տրամադրված։ Նույն վճռականությունն էլ սպասում են պետությունից։ Այս հայտարարությունը կազմել ենք 98 քաղաքապետերով։
Խնդրո առարկան մարդկային արժանապատվության հետ է կապված։ Նշվում է, որ Աբդուլահ Օջալանի նոր բանտային պայմանները՝ համապատասխանում են ստանդարտներին։ Եթե այդպես է, ապա, թող վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ընդդիմադիր „Ազգայնական շարժում“ կուսակցության առաջնորդ Դեւլեթ Բահչելին, „Ժողովրդա-հանրապետական“ կուսակցության առաջնորդ Դենիզ Բայկալը ոչ թե 11՝ այլ գոնե 1 օր մնան Օջալանի համար նախատեսված բանտախցում։ Տեսնեն պայմանները մարդկային են, թե ոչ։ 12 քմ տարածքը դարձրեցին 6քմ, մի՞ թե դա բարելավում է։ Այս խնդրի լուծմանը քրդերը, մեր կուսակցությունը, PKK-ն, Օջալանը պատրաստ են։ Իրական լուծման քրդերը պատրաստ են»։
NEWS.am-ը հիշեցնում է, որ Իմրալի կղզում 1999 թվականից ցմահ բանտարկված է քրդական PKK-ի առաջնորդ Աբդուլահ Օջալանը։ Հոկտեմբերի վերջին որոշում կայացվեց տեղափոխել Օջալանին նոր կառուցված բանտային մասնաշենք։
Քրդերը եւ քրդական «Ժողովրդավարական հասարակություն» կուսակցության անդամները իրենց դժգոհություն են հայտնում Օջալանի բանտային նոր պայմանների վերաբերյալ։
Նոյեմբերի վերջին օրերից սկսած՝ ամբողջ Թուրքիայի տարածքով մեկ սկսվել են բողոքի ակցիաներ՝ Օջալանի բանտային պայմանների բարելավման համար։
Ամեն ինչ սկսվեց Մերսին քաղաքից, որտեղ PKK-ի կողմնակիցները՝ PKK-ի հիմնադրման 35 ամյակի կապակցությամբ՝ հարձակվեցին Մերսինի շրջանի ոստկանատներից մեկի վրա։
Արդեն 6 օր տեւող բողոքի գործողությունների ընթացքում ձերբակալվել են տասնյակ ցուցարարներ, այրվել են ոստիկանության տրանսպորտային միջոցներ եւ մեկ զրահամեքենա։ Իզմիրում բողոքավորները այրել են քաղաքային ավտոբուսը։
Այս ամենը առիթ հանդիսացավ, որ թուրքական ընդդիմադիր կուսակցությունները, ովքեր դեմ են իշխանությունների հայտարարած քրդական հարցի կարգավորման նախաձեռնությանը, եւս մեկ անգամ մեղադրեն իշխանություններին՝ սխալ քաղաքականության մեջ։
Իր հերթին, Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը հայտարարել է, որ բոլոր ցուցարարները հատ-հատ ձերբակալվելու են։




























