Վարդենիկի ավագ դպրոցի տնօրեն Կամո Բադալյանի եղբայրը՝ նույն դպրոցի ֆիզկուլտուրայի ուսուցիչ Սեւակ Բադալյանը, 12-րդ դասարանի աշակերտներ Մեսրոպ Գրիգորյանի, Աբրահամ Շահինյանի և Արկադի Պողոսյանի ծնողներից 2 միլիոն դրամը վերցրել է որպես փոխհատուցում սեպտեմբերի 26-ին տեղի ունեցած ծեծկռտուքի ընթացքում իր առողջությանը հասցված վնասի համար։ Այս մասին NEWS.am-ին ասաց դպրոցի տնօրեն Կամո Բադալյանը:

«Ֆիզկուլտուրայի ուսուցչին դասի ժամին իր ծառայողական պարտքը կատարելիս այնքան են ծեծել, որ 2 լիտր արյուն է կորցրել, 27 բեկորային կոտրվածք է ստացել, գանգուղեղի ցնցում, քթի բացվածքով հիվանդանոց եմ հասցրել ու իրենք պիտի վճարեին իրենց հասցրած վնասի համար»,- ասաց Կամո Բադալյանը` ավելացնելով, որ իր եղբայրը երկարատև բուժում է ստացել հիվանդանոցում:

Հիշեցնենք, որ ավելի վաղ աշակերտները, որոնց դեմ ուսուցչի բողոքի հիման վրա մեղադրանք է առաջադրվել եւ նրանց ծնողները, NEWS.am-ին ասել էին, որ տնօրենը գումարն իրենցից վերցրել է՝ խոստանալով, որ իր եղբայրը բողոքը ոստիկանությունից հետ կվերցնի։

Դպրոցի տնօրենը հերքեց աշակերտների այն մեղադրանքը, որ իր եղբայրը սեռական բնույթի հայհոյանքներ է հասցրել Մեսրոպ Գրիգորյանին։ Վերջինը այժմ երկամսյա կալանքի տակ է, գտնվում է Աբովյանի քրեակատարողական հիմնարկում։ Տնօրենը նաեւ հերքեց երեք աշակերտներին դպրոցից հեռացնելու լուրը։

«Մենք երեխաներին դպրոցից չենք հեռացրել, ուղղակի մանկավարժական ժողով ենք արել և որոշել ենք նրանց այլ դպրոց տեղափոխել, որ նրանք նախադեպ չհանդիսանան և աշակերտները հերթով չծեծեն ուսուցիչներին»,- ասաց Կամո Բադալյանը` անդրադառնալով Աբրահամ Շահինյանին և Արկադի Պողոսյանին դպրոցից հեռացնելու խնդրին:

Նրա խոսքով՝  ոչ թե իր եղբայրն է ծեծել աշակերտներին, այլ նա ինքն է ծեծի ենթարկվել. «Եղբայրս 7 հոգանոց ընտանիք է կերակրում և հիմա անգործունակ է։ Դրա պատասխանը ո՞վ է տալու, նրանք պիտի 20 միլիոն հատուցեն»:

Տնօրենը նաև ասաց, որ առողջությանը պատճառած վնասի փոխհատուցում չի նշանակում միայն դատական կարգով, այն կարող է նաև փոխհամաձայնության միջոցով լինել, իսկ եթե աշակերտների ծնողները իրենց գումար են տվել՝ դիմումը հետ վերցնելու նպատակով, դա քրեորեն պատժելի արարք է:

Ավելի վաղ NEWS.am-ը հաղորդել էր, որ Վարդենիկի ավագ դպրոցի 12-րդ դասարանի հեռացված աշակերտները, նրանց ծնողները եւ հարազատները դեկտեմբերի 19-ին եկել էին կառավարության մոտ՝ պահանջելով ազատ արձակել սեպտեմբերի 26-ին ֆիզկուլտուրայի ուսուցիչ Սեւակ Բադալյանի հետ տեղի ունեցած միջադեպի պատճառով դեկտեմբերի 3-ին կալանավորված իրենց համադասարանցի, 17-ամյա Մեսրոպ Գրիգորյանին եւ հեռացնել ուսուցչին ու դպրոցի տնօրենին։