News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Կուտակային կենսաթոշակների պարտադիր բաղադրիչի դեմ պայքարող «Դեմ եմ» նախաձեռնության անդամներն այսօր`ապրիլի 20-ին, ծաղիկներ են տնկել Բաղրամյան 26-ի հարակից տարածքում` վերականգնելով ապրիլի 18-ի ակցիայի ժամանակ տրորված ծաղիկները:

«Մենք դեմ ենք ծաղիկները տրորելուն: Մեր այսօրվա ակցան նպատակ ուներ վերականգնելու այն, ինչ մենք պատահաբար փչացրել էինք նախորդ ակցիայի ժամանակ: «Մենք ենք տերը մեր երկրի» կարգախոսը նաեւ գործով ենք ապացուցում այս փոքրիկ ակցիայի միջոցով»,-NEWS.am-ի հետ զրույցում ասաց ակցիայի մասնակիցներից Լեւոն Հարությունյանը:

Նրա խոսքով՝ վարչական պատասխանատվության ենթարկվելու մտավախությունից չէ, որ իրենք որոշել են ծաղիկներ տնկել, այլ պարզապես ցանկացել են փչացած ծաղիկները վերականգնել: Ակցիայի մեկ այլ մասնակցի՝ Սերգեյ Ղահրամանյանի խոսքով՝ այս քայլով իրենք ցանկանում են իշխանությանը ցույց տալ, որ իրենք կարող են վերականգնել նաեւ իրենց «տրորված» իրավունքները: «Մենք ենք մեր երկրի, մեր քաղաքի ամեն ծառ ու թփի տերը: Մեր պայքարի առաջին եւ գլխավոր կանոնը մաքրությունն ու պարզությունն է, եւ այս ընթացքում ամեն ինչ արել ենք օրենքի սահմաններում եւ այդպես էլ շարունակելու ենք»,- նշեց Սերգեյ Ղահրամանյանը:

Հիշեցնենք, որ ապրիլի 18-ին «Դեմ եմ» նախաձեռնությունը բողոքի ակցիա էր կազմակերպել նախագահական նստավայրի մոտ` նախագահից պահանջելով իրագործել ՍԴ ապրիլի 2-ի որոշումը: Ակցիային միացավ նաեւ նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, որը խոստացավ, որ իրենք մինչեւ հունիսի վերջ կկայացնեն որոշում, որը երկուստեք ընդունելի կլինի:

Հիշեցնենք, ապրիլի 2-ին Սահմանադրական դատարանը հակասահմանադրական ճանաչեց «Կուտակային կենսաթոշակի մասին» օրենքի մի շարք դրույթներ, այդ թվում՝ պարտադիր բաղադրիչը, եւ մինչեւ սեպտեմբերի 30-ը ժամանակ տվեց խորհրդարանին եւ կառավարությանը՝ վիճահարույց օրենքի հակասահմանադրական ճանաչված դրույթները փոփոխության ենթարկելու համար։ Որոշումից մեկ օր անց ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը հայտարարեց, որ օրենքը գործելու է մինչեւ սեպտեմբերի 30-ը, եւ մինչեւ այդ գործատուները շարունակելու են աշխատավարձերից պարտադիր 5% պահումները կատարել:

Լուսանկարները՝ «Դեմ եմ»-ի ֆեյսբուքյան էջից


Տպել
Ամենաշատ