Հայաստանի բնապահպանության նախարարության կողմից նշանակված «Վիշապի կոթողներ» այգու կառուցապատման վերաբերյալ հասարակական լսումները կարելի է համարել չկայացած: Այդ մասին հայտնում է «Էկոլուր» կազմակերպությունը։ Դեկտեմբերի 18-ին` 10:30-ին, քննարկման համար «Վիշապի կոթողներ» այգի էին եկել շրջակա տների բնակիչներ, բնապահպանության նախարարության, հասարակական կազմակերպությունների, քաղաքական կուսակցությունների («Ժառանգություն» եւ Կանաչների կուսակցություն) ներկայացուցիչներ: Սակայն քննարկմանը չհայտնվեցին ոչ  «ԿԱԷՌ Քոնսթրաքշն» ՍՊԸ-ի, որ սկսել էր այգու կառուցապատումը, ոչ էլ Նոր Նորքի վարչական շրջանի ղեկավարության ներկայացուցիչները:

Հիշեցնենք, որ ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը բնակիչների եւ հասարակայնության պահանջով «Վիշապի կոթողներ» այգում կանգնեցրեց բազմահարկ կառույցի ապօրինի շինարարությունը եւ հայտարարեց. «Մենք կանցկացնենք հասարակական լսումներ այն մարդկանց հետ, ովքեր այստեղ ապրում են, կլսենք նրանց, իսկ դուք կպատմեք, թե ինչ եք ուզում կառուցել, ինչ փաստաթղթեր ունեք: Եթե ստանաք փորձաքննության դրական եզրակացություն, ապա կշարունակեք շինարարությունը»:

Վիշապի կոթողներ» այգու համար հասարակայնության պայքարը մեկ ամսից ավելի է` շարունակվում է: «Այս քարե վիշապը 4 հազարից ավելի տարեկան է: Նրանք (ընկերությունը) գերեվարել էին այն, ահա եւ մենք նրան ազատ ենք արձակում»,- «Էկոլուր»-ին ասել է բնակիչներից մեկը: Մյուսն էլ ավելացրել է. «Իսկ ծառերը կտրել են ու այրել»: Իսկապես, այգու բարեկարգման ակցիայի ժամանակ տնկված ծառերի միջեւ նկատելի էին ծառերի մնացորդներ եւ այված արմատներ:

Փաստաթղթերը, որոնց հիման վրա ընկերությունը սկսել է շինարարությունը, վկայում են, որ թույլտվությունը տրված է այգու բարեկարգման, այլ ոչ թե բնակելի շենքի կառուցման համար: Ինչպես նշեց ճարտարապետ Մարինա Փափազյանը, 2002թ. Երեւանի քաղաքապետի որոշմամբ, հանրային տարածքը մրցույթի է հանվել  եւ փոխանցվել է ոմն Զադոյանի: Հետո այդ տարածքը վերավաճառվել, է եւ, վերջապես, վերջին սեփականատերը որոշել է բնակելի շենք կառուցել` չունենալով դրա համար օրինական հիմք: «Օրինական հիմք չի եղել նաեւ տարածքը օտարելու որոշման համար»,- կարծում են բնակիչները եւ հասարակական կազմակերպությունները:

«Բնապահպանության փորձաքննության ներկայացուցիչներն այստեղ ներկա էին եւ պետք է ամրագրեն, որ մենք դեմ ենք»,- այսպիսին էր հավաքվածների կարծիքը: Ավելի քան 200 հոգի ստորագրեց կառուցապատման դեմ: Անօրինական որոշումը հետ կանչելու դիմումով բնակիչներն ու ակտիվիստները մտադիր են դիմել Երեւանի նոր քաղաքապետ Կարեն Կարապետյանին, ինչպես նաեւ` ՀՀ կառավարությանը:

Լուսանկարը` Գագիկ Շամշյանի