Հայաստանի քաղաքագետների միության գրասենյակում, այսօր` ապրիլի 11-ին, կայացած հանրային վերահսկողության միջկուսակցական միասնական շտաբի նիստում` բաց հրապարակային քննարկումների  արդյունքում, լրագրողների ներկայությամբ ընդունվել է համաձայնագիր` միջկուսակցական միասնական ընտրական շտաբի գործառույթների  մասին:

Ստորեւ ներկայացնում ենք այդ համաձայնագրի տեքստը.

Միջկուսակցական միասնական ընտրական շտաբի գործառույթները

Շտաբի նպատակն է

Ընտրական իրավունքի լիարժեք եւ անկաշկանդ իրացումն ապահովող ընտրությունների անցկացման հանրային  վերահսկողությունը:

Շտաբի հիմնական խնդրիներն են

- Ձեւավորել ընտրախախտւմների  փաստերի ապացույցների հավաքագրման հուսալի համակարգ,

- Իրականացնել ընտրական ողջ գործընթացի մշտադիտարկում` հետեւողականորեն բացահայտելով ընտրակաշառքի, ընտրական նպատակով կատարվող բարեգործությունների, վարչական լծակների օգտագործման, ընտրողների պասիվության մղելու եւ այլ միջոցներով ընտրական իրավունքի նկատմամբ ոտնձգությունների բոլոր դրսեւորումները,

- Ընտրական հանձնաժողովներում հուսալի հանրային վերահսկողություն իրականացնելու նպատակով ձեւավորել հանձնաժողովների անդամների, վստահված անձանց ու դիտորդների լայն ցանց եւ համակարգել դրանց աշխատանքները,

- Ընտրությունների արդյունքների բողոքարկման համար ձեւավորել իրավաբանորեն անխոցելի ապացույցների բազա:

Շտաբի աշխատակարգ

- Շտաբը ձեւավորվում է մասնակից քաղաքական ուժերի կողմից առաջարկված լիազոր ներկայացուցիչներով:

- Շտաբի նիստերի օրակարգը ձեւավորվում է վերոնշյալ հիմնական խնդիրների շրջանակից բխող, քաղաքական ուժերի ներկայացուցիչների առաջարկած` համադրման անհրաժեշտություն ունեցող հարցերով:

- Շտաբը որոշուներ է կայացնում` ձգտելով համախոհության (կոնսենսուսի) նիստին  ներկա քաղաքական ուժերի միջեւ: Համախոհության (կոնսենսուսի)  բացակայության դեպքում համաձայնության եկած քաղաքական ուժերը կարող են իրենց անունից  հանդես գալ հայտարարությամբ:

- Շտաբի ընդունած որոշումները գործադրվում են մասնակից ուժերի ձեւավորված սեփական շտաբերի միջոցով:

- Շտաբի նիստերը նախագահում են քաղաքական ուժերի ներկայացուցիչները հերթականությամբ` այբբենական կարգով, ռոտացիոն սկզբունքով:

- Շտաբի նիստերը գումարվում են Հայաստանի քաղաքագետների միության գրասենյակում, ոչ պակաս քան շաբաթը մեկ անգամ պարբերականությամբ, կամ ըստ անհրաժեշտության` որեւէ մասնակցի պահանջով:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել է, որ ՀԱԿ-ը, «Բարգավաճ Հայաստան»-ը, ՀՅԴ-ն, «Ժառանգություն»-ը ապրիլի 4-ին համաձայնագիր են ստորագրել ընտրությունների վերահսկման համար միասնական շտաբի ձեւավորման վերաբերյալ: Քննարկմանը մասնակցած ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը հրաժարվել է ստորագրել փաստաթղթի տակ: