«Բլից հարցազրույցներ ԱԺ պատգամավորների հետ» շարքում NEWS.am-ը ներկայացնում է իր հերթական հարցազրույցը: Այս անգամ զրուցել ենք Հայ հեղափոխական դաշնակցություն խմբակցության անկուսակցական պատգամավոր Արմեն Բաբայանի հետ:

Ներկայացեք եւ ներկայացրեք ձեզ երկու նախադասությամբ:

Շատ սովորական հայ մարդ, ով սիրում է իր հայրենիքը, ընտանիքը եւ աշխատանքը:

Մի քանի ճշմարտություն, չափազանցություն եւ սուտ ձեր մասին:

Նպատակասլացությունը, ճշմարտություն: Իսկ բամբասանքներն ինձ չեն հետաքրքրում:

Ինչպիսի՞ն էիք մանուկ, պատանի տարիքում եւ ուսանողական տարիներին: Հետաքրքիր եւ հումորային մի դրվագ կպատմե՞ք:

Փոքր տարիքից եղել եմ կազմակերպիչ, բոլոր խաղերում եղել եմ կամ թիմի ավագ, կամ լիդեր: Դպրոցական տարիներին մի քանի ընկերներով կազմակերպել էինք ֆուտբոլային առաջնություն, որի պատճառով չէինք մասնակցում դասերին եւ երեք ամիս կարողացանք դա գաղտնի պահել ծնողներից:

Դրանից հետո մեզ հեռացրեցին պիոներիայի շարքերից, իսկ կոմսոմոլական չդարձա` ելնելով գաղափարներից:

Ձեր ամենուժեղ եւ թույլ կողմը:

Բարությունը

Ինչի՞ համար եք զղջում:

Չհասցրած գործերիս համար:

Ձեր կյանքի սխալները:

Դեռ չեմ գործել:

Ամենահամարձակ քայլը կյանքում:

Ութ ժամ հերթ կանգնելուց հետո մտել եմ Լենինի դամբարանը:

Ամենամեծ հաղթանակը եւ պարտությունը:

Ամենամեծ հաղթանակը՝ ընտանիքս է: Պարտությունը՝ ազգային երազանքների չիրականանալը:

Ձեր կենսագրության մեջ ամենահպարտանալու եւ ամաչելու դրվագ ո՞րն է:

Երեք տղա ունենալը, իսկ ամաչելը՝ աղջիկ չունենալը:

Ձեր աշխատանքային գործունեությունը շատ հետաքրքիր է` պահեստապետից հասել եք մինչեւ պատգամավորի մանդատին: Կբացահայտե՞ք, թե ինչպես է հաջողվել, ո՞ւմ եք պարտական դրա համար:

Պարտական եմ ճակատագրիս, իսկ հաջողություններին հասել եմ իմ աշխատասիրության եւ գործին լիարժեք նվիրվածության  շնորհիվ:

«Գրանդ Քենդի» ընկերության գործադիր տնօրենն էիք, ինչո՞ւ թողեցիք ձեր «շոկոլադային եւ քաղցր» կյանքը եւ եկաք ԱԺ: Միայն չասեք ազգի, հայրենիքի համար մի լավ բան անելու նպատակով:

«Գրանդ Քենդի» ընկերությունում աշխատելու ժամանակ առնչվել եմ չինովնիկների հարուցած  բազմաթիվ խնդիրների եւ խոչընդոտների: Իմ փորձը եւ գիտելիքները փորձելու եմ օգտագործել տնտեսական քաղաքականության եւ հարկային ոլորտում առկա խնդիրները լուծելու համար:

Հետաքրքիր է` ինքներդ քաղցրավենիք սիրում եք, ուտում եք: Ձեր տանը միայն «Գրանդ Քենդիի» քաղցրավեն՞իքն եք ուտում, թե՞ այլ ընկերությունների արտադրանք եւս համտեսում եք:

Սիրում եմ, ուտում եմ միայն «Գրանդ Քենդիի» արտադրանքը, Ձեզ էլ  խորհուրդ կտամ օգտագործել տեղական արտադրության քաղցրավենիք:

Արտահայտություններ, որոնք տանել չեք կարողանում: Եւ արտահայտություններ, որոնք հաճախ եք օգտագործում:

Չեմ կարող տանել ռաբիս խոսելաոճը: Հաճախ եմ ասում շնորհակալություն եւ խնդրեմ:

Ինչպիսի՞ն կցանկանայիք լինել:

Այնպիսին, ինչպիսին կամ:

Ո՞ւմ կամ ինչի՞ն եք հավատում:

Աստծուն:

Ո՞վ է ձեզ կյանքում հիասթափեցրել:

Դպրոցի տնօրենը, ում որոշմամբ փոխվեց մեր դասարանի շատ սիրած դասղեկը:

Ի՞նչն է ձեզ հուսահատեցնում:

Հույսը վերջում է մահանում: Ինձ մոտ դեռ չի մահացել:

Մի ասացվածք կա`տղամարդիկ բավականին քաջ են, որ գնան պատերազմ, սակայն նրանք մեծ դժվարությամբ կգնան ատամնաբույժի մոտ: Հիմա դուք ումի՞ց կամ ինչի՞ց ֆոբիաներ ունեք:

Բարեբախտաբար, ես ազատված եմ նման ֆոբիաներից:

Ինչպե՞ս կարող եք մեզ զարմացնել:

Իսկ դուք չէիք զարմացել մեր Գինեսի ռեկորդագիր 4410 կգ քաշ ունեցող դառը շոկոլադով:

Ի՞նչը կարող է ձեզ զայրացնել:

Անիմաստ հարցերը:

Տխրելու պատճառներ, ուրախանալու առիթներ:

Տխրեցնում է հայ մարդու, առավել եւս մտերիմ մարդու արտագաղթը: Ուրախացնում է յուրաքանչյուր աշխատատեղի ստեղծումը: 

Երջանկությունն ի՞նչ գույն ունի

Եռագույնի նարնջագույնը:

Թերթում ենք ձեր հիշողությունների գիրքը, ամենալավ եւ վատ հիշողությունը ո՞րն է:

Լավ հիշողություններս կապված են դպրոցական եւ ուսանողական տարիների հետ: Չեմ ուզում առանձնացնել որեւէ մեկը: Առանձնապես վատ հիշողություններ չունեմ

Դուք ձեզնից գո՞հ եք, եթե ոչ, ապա՝ ինչո՞ւ: Իսկ եթե գոհ եք, ապա երբեւէ եղե՞լ է, որ դժգոհ մնաք ձեզնից եւ ի՞նչ առիթով էր:

Ինձ վերաբերվում եմ քննադատաբար, եւ կարծում եմ`յուրաքանչյուր ոք մինչեւ իր կյանքի վերջ սովորելու, կատարելագործվելու կարիք ունի:

Ասում են, թե երբ  տղամարդիկ հանդիպում են, նրանք զրուցում են սպորտի եւ կանանց մասին: Դուք ձեր ընկերների հետ հանդիպելիս ինչի՞ մասին եք խոսում:

Կավելացնեմ նաեւ` բնությունը:

Վատագույն սովորությունը:

Շուտ բռնկվելու հատկությունը:

Հայաստանում ի՞նչն է առավել ձեզ նյարդայնացնում:

Հասարակության ծայրագույն բեւեռացումը:

Մեր օրերի լավագույն հայ քաղաքական գործիչն ո՞վ է:

Լավագույն քաղաքական գործիչը նա է, ով համընդհանուր, պետական շահը գերադասում է անձնականից:

Դուք առաջին անգամ եք ընտրվել պատգամավոր, եւ որպես նորեկ` չե՞ք բախվել բանակին բնորոշ «դեդովշչինա» կոչվածին ԱԺ-ում:

ԱԺ-ում նման երեւույթներ չկան:

Ո՞րն է ձեր վերջին կարդացած գիրքը:

Անկեղծ ասեմ` վերջին ոչ մասնագիտական գիրքը, որը կարդացել եմ Տուլայի զինագործական գործարանի պատմության մասին էր:

Գրական կամ պատմական ո՞ր հերոսին եք ձեզ նմանեցնում:

Այդ ուղղությամբ երբեւէ չեմ մտածել:

Ի՞նչ խենթություններ եք արել հանուն սիրո կամ սիրելիի:

Դա գիտի միայն նա, ում համար դա արել եմ:

Հայտնի կանանցից ո՞ւմ հետ չէիք հրաժարվի գոնե հանդիպել:

Քերոլայն Քոքսին, նպատակ ունենալով շնորհակալություն հայտնել ի նպաստ հայության ծավալած աշխատանքների համար:

Անցած սերեր:

Դպրոցական տարիներին ունեցել եմ սեր:

Ո՞րն է սեր խոստովանելու լավագույն ձեւը:

Անկաշկանդ ներկայացնել հոգեվիճակը:

Ձեր ընտրյալը: Ինչպե՞ս եք նրան հանդիպել:

Հանդիպել եմ պատահական, սիրահարվել եմ արմատական, սիրել  եմ վերջնական:

Ընտանեկան վեճերը ի՞նչ թեմաների շուրջ են լինում:

Թեթեւ կենցաղային:

Քենեդին ասում է, որ աշխարհում չկա մի տղամարդ, որ չդավաճանի իր կնոջը: Դուք բացառությու՞ն եք:

Սիրահարվել եմ արմատական, սիրում եմ վերջնական:

Եթե Հայաստանում բազմակնություն լիներ, քանի՞ կին կունենայիք:

Ես հայ քրիստոնյա եմ եւ սկզբունքորեն դեմ եմ:

Որպես կյանքում մի հերոս, ձեզ կինն ու գինին փրկո՞ւմ են, թե՞ կործանում:

Համաձայն եմ ամենայն հայոց բանաստեղծի հետ:

Վերջին թարմ անեկդոտը զոքանչների մասին, կպատմեք:

Մեկը տանը վանդակի մեջ առյուծ է պահում: Մի օր զանգում են աշխատավայր եւ ասում

Առյուծդ վանդակից փախել է:

Արաա: Բա երեխանե՞րս:

Մի վախեցիր, երեխաներդ դպրոցում են:

Իսկ կի՞նս:

Մի վախեցիր, կինդ խանութում է:

Իսկ տանն ո՞վ կա:

Զոքանչդ:

Արաաա. Առյուծս:

Հոբբիներ:

Ձկնորսություն եւ փայտի վրա փորագրություններ:

Խաղադրույքներից մինչեւ կազինոներ, ինչքա՞ն գումար եք պարտվել եւ հաղթել:

Ես խաղամոլ չեմ, բայց մի անգամ հետաքրքրության համար Լաս-Վեգասում պարտվել եմ 40 դոլար:

Արմեն Բաբայանը`  խոհանոցում, ի՞նչ կարող եք պատրաստել եւ ի՞նչ եք սիրում ուտել: Ձեր սիրտ տանող ճանապարհը ե՞ւս ստամոքսով է:

Շատ լավ պատրաստում եմ իմ ձեռքով բռնած ձկան խորոված: Համեղ ուտեստներ սիրում եմ, սակայն դեպի սիրտ տանող ճանապարհը ստամոքսով չի անցնում:

Ինչքա՞ն փող կամ նյութական ի՞նչ կցանկանայիք ունենալ, որ չունեք՝ մեքենա, առանձնատուն...

Իմ ունեցածն ինձ բավարարում է:

Երբեւէ ասել կամ մտածել եք կանգ առ ակնթարթ, ինչ չքնաղ ես դու:

Աշնանը, Խուստուփի գագաթից նայելիս այդ զգացումն ունեցել եմ:

Այժմ, ձեր հարցը շարքին մասնակցող մյուս պատգամավորին, որն ինչպես դուք, այնպես էլ ես, չգիտենք, թե ով կլինի:

Ինչքանո՞վ եք դուք անկախ ձեր պատգամավորական գործունեության մեջ:

Շարքին մասնակցող նախորդ պատգամավորը` ԲՀԿ-ից Մերուժան Սիմոնյանը, Ձեզ հարցնում է, թե ինչ սկզբունքներ ունեք:

Անդավաճանություն, արդարամտություն, անկեղծություն:

Նշենք, որ Արմեն Բաբայանը ավարտել է «Վարդանանց» համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետը, երկար տարիներ աշխատել է «Գրանդ Քենդիում»` զբաղեցնելով տարբեր պաշտոններ` պահեստապետից մինչեւ գործադիր տնօրեն: Ամուսնացած է, ունի երեք զավակ:

Ավելի վաղ NEWS.am-ը ներկայացրել էր հարցազրույց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արփինե Հովհաննիսյանի, Լեւոն Մարտիրոսյանի, Նաիրա Կարապետյանի, Հայկ Գրիգորյանի, Մարգարիտ Եսայանի, Գարեգին Նուշիկյանի, Հովհաննես Սահակյանի, Արտակ Զաքարյանի, Կարինե Աճեմյանի, Արտակ Դավթյանի, Սամվել Ֆարմանյանի, Շիրակ Թորոսյանի, Հայկ Բաբուխանյանի, Սուքիաս Ավետիսյանի, Կարեն Ավագյանի, Էդուարդ Շարմազանովի, Տաճատ Վարդապետյանի, Սամվել Նիկոյանի, Ռուզաննա Մուրադյանի, Արթուր Գեւորգյանի, Գալուստ Սահակյանի, Մկրտիչ Մինասյանի, ՕԵԿ-ից` Հեղինե Բիշարյանի, Կարեն Բոթոյանի. Խաչիկ Հարությունյանի, ԲՀԿ-ից`Տիգրան Ուրիխանյանի, Էլինար Վարդանյանի, Վահե Էնֆիաջյանի, Նաիրա Զոհրաբյանի, Գուրգեն Արսենյանի, Վահան Բաբայանի, Արմեն Ավետիսյանի, Բազմասեր Առաքելյանի, Միքայել Մելքումյանի, Ռուբեն Գեւորգյանի (Ծաղիկ Ռուբո), Մարտուն Գրիգորյանի,Լյովա Խաչատրյանի,Մերուժան Սիմոնյանի ՀԱԿ-ից` Լյուդմիլա Սարգսյանի, Հրանտ Բագրատյանի, Գագիկ Ջհանգիրյանի, Արամ Մանուկյանի , «Ժառանգությունից»` Ռուբեն Հակոբյանի, Խաչատուր Քոքոբելյանի, Ալեքսանդր Արզումանյանի, Թեւան Պողոսյանի, ՀՅԴ-ից` Արծվիկ Մինասյանի,  Աղվան Վարդանյանի, անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանի հետ:

Շարքը` Ինգա Մարտինյանի