NEWS.am-ը շարունակում է Հայաստանում աշխատող դիվանագետների հետ հարցազրույցների շարքը: Այս անգամ զրուցակիցը Հայաստանում Լեհաստանի դեսպան Զդիսլավ Ռաչինսկին է:  Նա պատմել է դիվանագիտության իր տեսլականի մասին, այն մասին, թե Հայաստանում ինչն է պակասում եւ թե ինքն ինչպես է տոնում Սուրբ ծնունդը:

Ի՞նչ հատկանիշներ պետք է ունենա դիվանագետը: Դիվանագետ ծնվո՞ւմ են, թե՞ դառնում:

Նախկինում դիվանագիտությունը մասնագիտություն էր, որ ժառանգաբար էր փոխանցվում. Սոցիալական որոշակի շրջանակի մարդկանց մասնագիտություն էր, քանի որ ամենից առաջ այն դիմացինի հանդեպ հարգանք է պահանջում, համազգալու ունակություն:

Քանի որ սոցիալական այլ շրջանակների մարդկանց կենսապայմանները ծանր էին, դժվար էր այդ հատկանիշները զարգացնել:  Այժմ ժողովրդավարական պայմաններում ենք ապրում, հավասար հնարավորություններով, այդ պատճառով  դիվանագիտությունն առավել հասանելի է դարձել, բայց մասնագիտության բնույթը չի փոխվել:  Կարծիք կա, որ դիվանագետը նա է, ով ստում է հօգուտ իր երկրի: Դա այդպես չէ: Այդպիսին Վիենայի կոնգրեսի դիվանագիտությունն էր: Այժմ դա զբաղմունք է: Դիվանագետի խնդիրը մեկն է՝ իր պետության կարծիքը հստակ եւ պարզ ներկայացնել ոչ միայն այն երկրի կառավարությանը, որում աշխատում է, այլեւ հանրությանը, լսել, հասկանալ, թե ինչ է կատարվում այդ երկրում եւ այդ մասին հայտնել իր երկրի  կառավարությանը: Տեղեկությունները շատ են, ուստի դիվանագետը պետք է զտի տվյալները: Կարծում եմ, մարդկանց կառավարելու գործում հարկավոր է շատ երկար սովորել: Մարդկանց խմբում պահվածքի արվեստը ուրիշների մտքերն ու զգացմունքները կարդալու կարողությունն է, մնացածը երկրորդական է:

Վերջին ժամանակներս մամուլը, նաեւ՝ հենց քաղաքական գործիչներն օգտագործում են «կոշտ», «փափուկ» քաղաքականություն եզրույթները: Ի՞նչ եք կարծում, նպատակն արդարացնո՞ւմ է միջոցները:

Ոչ, քանի որ նպատակները կարող են փոխվել: Գործադրված միջոցների տակ ինչ-որ մեկը ստորագրում է, եւ ի՞նչ վիճակում կհայտնվի այդ մարդը, երբ նպատակը փոխվի: 

Մարդը չի կարող ինչ-որ նպատակի գործիք լինել,  մարդն ինքը նպատակ է: Ինչ վերաբերում է  միջազգային քաղաքականությանը, այն միայն դիվանագիտական միջոցներով չի իրագործվում, կան տնտեսական, ռազմական միջոցներ, այսինքն այն կարելի է տարբեր միջոցներով իրագործել: Եվրոպական քաղաքականության էությունը փոխզիջումն է: Անհնար է համոզել, եթե տարբեր կարծիքներ կան: Անհրաժեշտ է կարծիքներ փոխանակել եւ ընդունելի դրույթ գտնել:  Պատմությունը Եվրոպային սովորեցրել է, որ ուժային որոշումները հետընթացի են հանգեցնում: Այլ հարց է, որ փոխզիջումները տարբեր շրջանակներում են իրականացվում: Անհրաժեշտ է հետեւել խաղի կանոններին: Անհնար է փոխզիջման հասնել, օրինակ, օրական 10 մարդու սպանող բռնապետի հետ: Չի կարելի համաձայնության հասնել  միայն 5 հոգու սպանելու զիջմամբ: Այդ դեպքում կոշտ քաղաքականությունն արդարացված է:

Կա՞ն հարցեր, որոնց չեք սիրում պատասխանել:

Այնպիսի հարցերի, որոնք վերաբերում են իմ անձնական կյանքին: Ինչպես անգլիացիներն են ասում. «Իմ տունն իմ ամրոցն է», դա եվրոպական մշակույթի առանձնահատկություններից է: Մարդն անձնական տիրույթի իրավունք ունի, ոչ ամուսինը, ոչ սիրեկանը, ոչ էլ աղջիկն իրավունք չունեն այն խախտել: Ձեր տիրույթը պաշտպանելով՝ Դուք միաժամանակ օտարի գործերին չխառնվելու պարտավորություն եք ստանձնում: 

Հայաստանում գտնվելով ինչի՞ն եք կարոտում:

Ես կարոտում եմ գրախանութներին:  Ես սիրում եմ շաբաթ օրերին հանգիստ ժամանակ անցկացնել սրճարաններում, զրուցել ծանոթներիս հետ, ինչ-որ բան գնել: Վարշավան շատ  բարեկամական քաղաք է, այնտեղ շատ կանաչապատ է: Ես կարոտում եմ կանաչը, դաշտավայրերը: Այստեղ շուրջբոլորը լեռներ են: Յուրաքանչյուր մարդ սիրում է այն վայրը, որտեղ ծնվել  եւ մեծացել է: Ոչ մի ծառ չի սիրում, երբ իրեն տեղահան են անում՝ չնայած որ այլ երկրներում հետաքրքիր է: 

Մենք զրուցում ենք Սուրբ ծննդի նախաշեմին: Ի՞նչ եք Դուք սովորաբար անում Սուրբ ծննդի օրը: Ունե՞ք արդյոք ընտանեկան ավանդույթներ: 

Մեզ մոտ տարվա ամենամեծ տոնը Ճրագալույցն է՝  դեկտեմբերի 24-ը: Այդ օրն ընտանիքի բոլոր անդամները ցանկանում են ծնողների կողքին լինել: Բոլորը նստում են սեղանի շուրջ, սփռոցի տակ դրվում է  խոտ՝ խորհրդանշելով մսուրում Քրիստոսի ծնունդը:  Սեղանին դրվում է  պասի 12կերակուր:  Անպայման  մեկ հավելյալ սպասք է դրվում նրանց համար, ովքեր այդ օրը միայնակ են: Սկզբում բոլորը իրար նշխարք  են հյուրասիրում: Սեղանին սովորաբար լինում է լցոնած ձուկ, տապակած ձուկ,  սնկով եւ բազուկով ապուր: Բոլորն ընթրում են եւ սուրբծննդյան երգեր երգում:  Այնուհետեւ  նվերներ են բաժանում, պատարագ լսում: Մեզ մոտ հյուր գնալու ավանդույթ չկա: կարելի է նախապես պայմանավորվել,  ինչ-որ մեկին հյուր գնալ, այդ դեպքում՝ անպայման նվերներով: 200-300 տարի առաջ գիշերային պատարագի են գնացել զանգակներով սահնակներով եւ այնտեղ էլ պայմանավորվել մեկ կալվածքից մյուսը նմանատիպ սահնակներով հյուր գնալու մասին:

Կարդացեք նաեւ Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի եւ Իտալիայի դեսպանների հետ հարցազրույցները:

Պատրաստեց Աննա Ղազարյանը