Երեւան-Եղվարդ ճանապարհին տեղի ունեցած հոկտեմբերի 20-ին վթարի հետեւանքով կալանավորված եւ «Դատապարտյալների հիվանդանոց» տեղափոխված հայտնի դերասան Վարդան Պետրոսյանին այսօր՝ նոյեմբերի 18-ին տեղափոխել են «Քանկոր» սիրտանոթային բժշկության կենտրոն: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է նրա փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը:
Փաստաբանը նշեց, որ դերասանի առողջական վիճակը վատացել էր, սրտի հետ կապված խնդիրներ ունի, որոնք նախկինում եւս առկա էին, այժմ սրվել են: Հարազատները դիմել էին արդարադատության նախարար Հրայր Թովմասյանին՝ նրան տեղափոխելու խնդրով:
Վարդան Պետրոսյանն այժմ հետազոտությունն է անցնում կենտրոնում, եւ փաստաբանի փոխանցմամբ, դատելով առողջական վիճակից, հավանաբար կմնա այնտեղ: Առայժմ խափանման միջոցը փոխելու վերաբերյալ որեւէ որոշում չի ստացվել, նշել է Բաղդասարյանը:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 20-ին ժամը 21:20-ի սահմաններում Եղվարդ-Երեւան ավտոճանապարհի 32-րդ կմ հատվածում բախվել էին BMW մակնիշի 04 ՍԼ 920 համարանիշի եւ «ՎԱԶ 2121» մակնիշի 870 ՕԼ 64 համարանիշի ավտոմեքենաները: Վթարի հետեւանքով 7 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոցներ, նրանց մեջ էր նաեւ հայտնի դերասան Վարդան Պետրոսյանը: Ավելի ուշ Էդգար եւ Էդուարդ Հակոբյան եղբայրները մահացել էին:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՔՕ-ի 242-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով: Վարդան Պետրոսյանը կալանավորվել էր:



























