Թբիլիսիի քաղաքային դատարանը դադարեցրել է քաղաքապետ Գիգի Ուգուլավայի լիազորությունները, ով դեկտեմբերի 21-ի երեկոյան գրավի դիմաց ազատ էր արձակվել կալանքից՝ զարգացման քաղաքային հիմնադրամից միջոցները վատնելու գործով: Այդ մասին Facebook սոցիալական կայքում իր էջում գրել է խորհրդարանական փոքրամասնություն ներկայացնող «Միացյալ ազգային շարժումից» պատգամավոր Գեորգի Կանդելակին:

Ավելի վաղ դեկտեմբերի 21-ի երեկոյան Թբիլիսիի քաղաքային դատարանն Ուգուլավային 50 հազար լարի (մոտ 29 հազար դոլար) չափով գրավի դիմաց ազատ էր արձակել: «Գիշերը ժամը 1-ին, առանց բանավոր դիտարումների, նիստի ու փաստաբանների, Թբիլիսիի քաղաքային դատարանը քաղաքապետին ազատել է պաշտոնից, ով առաջին անգամ էր ընտրվել ուղղակի քվեարկության եղանակով»,- ասվում է Կանդելակիի հայտարարության մեջ, հաղորդում է «Նովոստի Գրուզիան»:

Մինչեւ վերջին ժամանակներն Ուգուլավան մեկն էր այն քչերից, որ Վրաստանի իշխանական կառույցներում ներկայացնում էր նախկին իշխող կուսակցությունը:

Ուգուլավային եւ գործով մյուս մասնակիցներին մեղադրում են 48 մլն լարի (մոտ 28 մլն դոլար) չափով գումար վատնելու մեջ: Հետաքննության տվյալներով՝ նա քաղաքապետարանի պաշտոնյաների հետ միասին մշակել է «Միացյալ ազգային շարժման(այն ժամանակվա նախագահ Միխայիլ Սահակաշվիլու կուսակցությունը) 2012թ.-ի խորհրդարանական ընտրությունների հետ կապված նախընտրական ծախսերը հովանավորելու հանցավոր սխեմա՝ Թբիլիսիի զարգացման ֆոնդից»: Սա քաղաքապետի դեմ ուղղված արդեն երրորդ քրեական գործն է: Ավելի վաղ Ուգուլավային մեղադրում էին, որ անօրինական կերպով տիրացել է «Իմեդի» հեռուստաընկերությանը եւ Միացյալ ազգային շարժման ակտիվիստների համար կեղծ աշխատատեղեր է ստեղծել: