Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանի եղբորորդու՝ Էյներ Խաչատրյանի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի առթիվ դեռ հետաքննություն է ընթանում: NEWS.am-ի աղբյուրների փոխանցմամբ՝ 10 օրից պարզ կլինի՝դեպքի առթիվ քրեական գործ կհարուցվի, մեղադրյալներ կլինեն, թե ոչ: Բայց, ամենայն հավանականությամբ, նյութերի նախապատրաստմամբ քրեական գործի հարուցումը կմերժվի, քանի որ որեւէ ծեծ, տուժածներ չկան, ընդամենը վիճաբանություն, քաշքշուկ է եղել:

Մեր տեղեկություններով՝ դեպքը տեղի է ունեցել Գորիսի «Զանգեզուր» ռեստորանում: Սուրեն Խաչատրյանի եղբորորդին ընկերների հետ գնացել էր ռեստորան՝ նշելու մարտի 8-ը, հարեւանությամբ էլ նախկին մարզպետի բարեկամները նշում էին Սուրեն Խաչատրյանի քրոջ թոռան ծնունդը:

Ի դեպ, ռեստորանում տեսախցիկներ են եղել, որոնց տեսագրությունն արդեն առգրավված է, նշանակված են մի շարք փորձաքննություններ: Մեր աղբյուրը հայտնեց, որ տեսաերիզում երեւում է, թե ինչպես երկու սեղանի հյուրերը գինովցած վիճակում վիճում են, մարդիկ են գնում գալիս, փորձում են վիճող կողմերից մեկին հանել սրահից, քաշքշուկ է լինում: Իսկ վիճաբանությունը ծագել է երաժշտությունը պատճառով, մասնավորապես՝ մի սեղանի հյուրերը ցանկացել են լսել Գուսան Աշոտ, մյուսները՝ Քրիստինե Պեպելյան, սկսել են վիճել, թե երաժշտությունը անջատի եւ այլն: Նրանց միջեւ նաեւ աղջկա հետ կապված հարց է եղել: Վիճաբանության ընթացքում ռեստորանի սպասք չեն ջարդել, ոչ էլ կապտուկներ են հայտնաբերվել նրանց վրա:

Ի դեպ, տեղի ունեցածի վերաբերյալ երկու օր է՝ փորձում ենք մեկնաբանություն ստանալ Սյունիքի նախկին մարզպետից, սակայն նա չի պատասխանում հեռախոսազանգերին: Իսկ Սյունիքի ոստիկանապետ Վախթանգ Ավագյանն էլ, լսելով, որ իրեն լրագրող է անհանգստացնում, անջատել է հեռախոսը եւ մինչ օրս չի պատասխանում հեռախոսազանգերին:

Նշենք, որ «Ժամանակ» թերթը գրել էր, որ Սուրիկ Խաչատրյանի եղբոր որդին՝ Էյներ Խաչատրյանը, իր ընկերոջ եւ ընկերոջ ընկերուհու հետ գնացել են ռեստորան մարտի 8-ը նշելու: Այդ նույն ժամանակ ռեստորանում են եղել նաեւ Սուրիկ Խաչատրյանի այլ բարեկամներ, ովքեր նշելուց են եղել Ս. Խաչատրյանի քրոջ թոռան ծնունդը: Վիճաբանության պատճառը, ըստ տեղեկությունների, եղել է այն, որ Էյներ Խաչատրյանի ընկերը ժամանակին «աչք է ունեցել» Խաչատրյանի քրոջ թոռան վրա: Երբ նրանք հանդիպել են, ինչ-որ խոսակցություն է սկսվել, որը քրոջ թոռան ընկերներից մեկի՝ Հայկի հետ վերաճել է լեզվակռվի, ապա վիճաբանության:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ մարտի 8-ին ոստիկանության Գորիսի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ ժամը 21.30-ի սահմաններում Գորիս քաղաքի Անկախության փողոցի թիվ 4 հասցեում գտնվող ռեստորանում 27-ամյա Էյներ Խ.-ի եւ 45-ամյա Հրայր Հ.-ի մասնակցությամբ վիճաբանություն եւ քաշքշուկ է տեղի ունեցել: Էյներ Խ.-ն եւ Հրայր Հ.-ն հրավիրվել են բաժին, հանգամանքները պարզվում են: Կատարվում է հետաքննություն:

Մեր տեղեկություններով՝ Էյներ Խ-ն Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի եղբոր որդին է՝ Էյներ Սեյրանի Խաչատրյանը, ում անունը հնչել է մի շարք սկանդալային քրեական գործերի շրջանակում:

Մասնավորապես, ավելի վաղ Գորիսի նախկին քաղաքապետ Սամվել Հարությունյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում պատմել էր, որ «Լիսկայի եղբոր որդիները՝ Մայիս եւ Էյներ Խաչատրյանը 2004թ փետրվարի վերջերին առանձնակի դաժանությամբ Գորիս քաղաքում իրենց կամակայություններին կուլ չգնացող, երեք մանուկների հայր Հովհաննես Բադալյանին դանակի բազմաթիվ հարվածներով սպանում են եւ Լիսկայի եղբոր որդին՝ Էյներ Խաչատրյանը մեկ օր չի ազատազրկվում, իսկ Մայիս Խաչատրյանը ընդամենը ազատազրկվում է 12 տարվա բանտարկության, իր պատիժը անց է կացնում արտոնյալ պայմաններում եւ ընդամենը 6 տարի 4 ամիս հետո ազատ է արձակվում»: