News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 22
Տեսնել լրահոսը

«Վերնիսաժի» մոտ այսօր՝ մայիսի 17-ին, հնչած կրակոցներից վիրավորվել է ոչ թե 5 քաղաքացի, այլ 6: Վեցերորդ վիրավորը ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Կարո Կարապետյանի՝ «Յուվեցի Կարոյի» փեսան է, իսկ «Պրոգրեստեխ Արմենիա» ընկերության ստորգետնյա ավտոկայանում զմռսած մեքենան պատկանում է նրա կնոջը՝ Կարո Կարապետյանի դստերը: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին իր աղբյուրները:

Մեր տեղեկություններով՝ չորս երիտասարդներ կրակել են միմյանց վրա: Ականատեսները մեր թղթակցին պատմեցին, որ առաջին կրակողը եղել է Կարո Կարապետյանի փեսան, վերջինս անկանոն կրակ է բացել:

Բացի դրանից՝ հիվանդանոցի տարածքում են պատգամավորի հարազատները, սակայն նրանք աշխատում են չմոտենալ ընդունարանին, որպեսզի լրագրողների հետ հանկարծ չհանդիպեն: Մյուս վիրավորների հարազատներն էլ, հանդիպելով լրագրողներին, ասում են, թե իրենք այլ հիվանդի համար են եկել, «Վերնիսաժի» դեպքերի հետ կապ չունեն:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ այսօր՝ մայիսի 17-ին, ժամը 13:30-ի սահմաններում Վերնիսաժի մոտ հնչել են կրակոցներ, կան 5 վիրավորներ, որոնց տեղափոխել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Ականատեսները NEWS.am-ին հայտնել էին, որ վիրավորվածները պատահական անցորդներ են, իսկ մինչեւ կրակոցը լսել են վեճի ձայներ, որից հետո հնչել է 7-8 կրակոց:

ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն այս առնչությամբ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց հետեւյալը. «Քանի որ մամուլում շոշափվում էր Կարո Կարապետյանի մերձավորների անուններ, ինքս փորձել եմ կապնվել Կարոյի հետ, եւ նա կտրականապես հերքեց, որ իր որդին այդ կրակոցների հետ առնչություևն ունի: Սակայն անկախ նրանից ով է մեղավոր, պետք է պատասխան տա իր կատարածի համար»:

Ավելի վաղ մամուլում տեղեկություն էր հայտնվել, որ «Վերնիսաժի» մոտ տեղի ունեցած կրակոցներին առնչություն ունի Կարո Կարապետյանի որդին:

Լուսանկարը՝  Արսեն  Սարգսյանի/NEWS.am

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ