Մոտ վեց ամսից կբացվի Վենետիկի Բիենալե 2019-ի արվեստի երկամյա փառատոնը, որտեղ առաջին անգամ կներկայացվի ամերիկահայ նկարիչ Արշիլ Գորկու արվեստը: Այս մասին հայտնում է artnews.com-ը:

Մայիսին Վենետիկում կայանալիք փառատոնի շրջանակում Կա' Պեսարո ժամանակակից արվեստի թանգարանում կցուցադրվի «Արշիլ Գորկի. 1904-1948» խորագրով հետհայաց ցուցահանդեսը, որտեղ կներկայացվի նկարչի կյանքի ողբերգական պատմությունը:

Ցուցահանդեսը կներառի մոտ 80 գործեր` սկսած Գորկու ստեղծագործական կյանքի առաջին քայլերից մինչև սյուրռեալիստական և աբստրակտ էքսպրեսիոնիզմի իր գլուխգործոցները` բերված Բրիտանիայի Թեյթ պատկերասրահից, Վաշիգթոնի Արվեստի ազգային պատկերասրահից, Փարիզի Ժորժ Պոմպիդու արվեստի և մշակույթի ազգային կենտրոնից և այլ վայրերից:

Փառատոնի ընթացքում ցուցահանդեսը բաց կլինի 2019-ի մայիսի 8-ից մինչև սեպտեմբերի 22-ը: Կազմակերպիչներից Էդիթ Դեվանեյի խոսքով` ժամանկին Նյու Յորքի ժամանակակից արվեստի թանգարանի տնօրենը անուշադրության է մատնել Գորկու` մինչև 1943-ը ստեղծած աշխատանքները, սակայն այս ցուցահանդեսով իրենք փորձում են ցույց տալ, որ «Գորկու արվեստի ձայնը հենց սկզբից լսելի է եղել»: