
Շոտլանդիայում բռնաբարության համար դատապարտված տրանսգենդեր կինը պատիժ չի կրի կանանց բանտում։ Այս մասին հայտարարել է Շոտլանդիայի առաջին նախարար Նիկոլա Սթերջենն այն վեճերի ֆոնին, թե որտեղ պետք է կրի իր պատիժը Իսլա Բրայսոնը, որն այս շաբաթվա սկզբին դատապարտվել էր երկու կանանց բռնաբարելու համար, երբ նա տղամարդ է եղել, հայտնում է PA Media-ն:
Սթերջենը հաստատել է, որ շոտլանդական քրեակատարողական ծառայությունը ռիսկերի գնահատում է անցկացնում։ Նա ընդգծել է, որ Բրայսոնին չեն տեղավորի Քորնթոն Վեյլի կանանց բանտում:
«Ինձ անհարիր կլիներ որեւէ բանտարկյալի մասին մանրամասներ հայտնել, թե որտեղ է նա գտնվում: Բայց հաշվի առնելով այս գործի վերաբերյալ հասկանալի հանրային եւ խորհրդարանական մտահոգությունը՝ ես կարող եմ հաստատել խորհրդարանին, որ այս մեղադրյալը չի բանտարկվի Քորնթոն Վեյլի կանանց բանտում: Հուսով եմ՝ սա վստահություն կհաղորդի հասարակությանը»,- ասել է նա։
Բրայսոնը, որը նախկինում հայտնի է եղել որպես Ադամ Գրեմ, 2016 թվականին մեղավոր է ճանաչվել Քլայդբենքում մի կնոջ բռնաբարության համար, իսկ 2019 թվականին Գլազգո նահանգի Դրամչապել քաղաքում՝ մեկ ուրիշի:
Նրա նախկին կինը՝ 31-ամյա Շոննա Գրեմը, ասել է, որ սեռը փոխելու նրա որոշումը «կեղծավորություն է»: Շոննայի խոսքով՝ ինքը «շատ կարեկցում է» տրանսգենդերներին, սակայն իր նախկին զուգընկերը փորձում է խաբել իշխանություններին։