News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Մեռած-չթաղված. այս երկու բառով է Կիրանցի գյուղապետ Կամո Շահինյանը բնութագրում գյուղացիների վիճակը: NEWS.am-ի հետ զրույցում նա հաստատեց լուրը, որ գյուղի մեջտեղում սյուներ են տեղադրվել, դրանց կողքին էլ կանգնած են սահմանապահները։ Սահմանազատման աշխատանքը, ըստ էության, ավարտվել է։

«2 տուն, 3 վագոն–տնակ-խանութ եւ մեկ ավտովերանորոգման կետ մնում է Ադրբեջանի վերահսկողության ներքո։ Սակայն լուրջ խնդիրներ են առաջանում նաև այլ տների բնակիչների համար, որովհետև 6 տուն սահմանին կից է։ Այնտեղ այլևս անհնար է ապրել։ 6 տնում հաստատ էլ չեն կարող ապրել, թե դրան կից հետևի մասի տների բնակիչները կհամաձայնեն ըտենց ապրեն՝ չեմ կարող ասել։ Հնարավոր է այլ բնակիչներ էլ հրաժարվեն ապրել իրենց տներում, որոնք մոտ են սահմանին։ Դպրոցն է շատ մոտիկ լինում։ Դպրոցի հարցով քննարկումը դեռ շարունակվում է։ Նորություն չկա։ Շինարարությունը դեռ չի էլ ավարտվել, բայց որ այնտեղ երեխա հաստատ դասի չի գնա՝ դա հաստատ է։ Իսկ դա նշանակում ա, որ էդ դպրոցը էլ չկա»,- նշեց Կամո Շահինյանը։ Գյուղում ընդհանուր կա 85 տուն։

Կամո Շահինյանը չգիտի թույլատրվում է արդյոք ելումուտ անել գյուղ, թե ոչ։ Ասաց, որ գյուղից դուրս չի եկել։ «Ես իմ գյուղացիների հետ հավաքված, մի մեծ փոսի մեջ, մտածում ենք, թե ոնց էս փոսից դուրս գանք։ Կասեի մի խորը, շատ խորը փոսի մեջ ենք։ Չգիտեմ, մեր ձեռքից կքաշեն էդ խոր փոսից կհանեն, թե հող կլցնեն ու կպրծնեն»,-շարունակեց Կամո Շահինյանը։

Նա նկատեց, որ մինչև հիմա ոչ մեկին չեն տեսել, որ իրենց ձեռքից կքաշի ու փոսից կհանի. «Կիրանցը ծվարած 35 տարի հերոսաբար ապրել է սահմանին։ Էսօր էլ նույն վիճակն է։ Էն 90-ականներին էլ էին ասում՝ մի հատ Կիրանց էլ լինի էլի։ Բայց մենք էն մարդն ենք, էն մարդկանց սերունդն ենք, որ էլի ապրելու ենք ու գոյատևելու ենք։ Մենք մեր Հայաստանի դարպասը Ադրբեջանի դեմ չենք բացում։ Մենք պահելու ենք էդ դարպասը։ Թեկուզև էսպես ընկճված։ Արյան գնով վերցված հողերը հետ տված։ Դրան պլյուս, սեփականաշնորհած հողերը, 54 սեփականաշնորհման վկայական ստացած մարդկանց հողակտորները։ Դրան պլյուս կամուրջը, դրան պլյուս էդքան տներն ու եսիմ ինչը։ Երբ գրում են՝ զոմբիացել եք, կռիվ եք ուզում, թող գան տեսնեն, ինչ վիճակ է։ Կներեք, վատ եմ, չեմ կարողանում խոսել»,-ասաց Շահինյանը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Կիրանցի հատվածում սահմանազատման աշխատանքները արդեն իսկ մոտենում են ավարտին։ Սահմանազատված հատվածում սահմանը վերահսկողության տակ են վերցնում հայկական սահմանապահ ուժերը:

Գործընթացը իրականացնելու համար ժամանակավորապես փակվում է Կիրանցի մուտքը։

Գիշերը երեք սյուն է դրվել, կողքին սահմանապահներն են՝ զինված ու դիմակավորված: Այս պահին պարզ չէ՝ դրանք սահմանային են, թե՞ ուղղորդող:

Ազգային անվտանգության ծառայությունը երեկ հայտնել է, որ Տավուշի Կիրանց գյուղի հատվածում իրականացվում են սահմանի պահպանությունը ստանձնելուն ուղղված նախապատրաստական աշխատանքներ: Թե ինչ նախապատրաստական աշխատանքներ են տարվում, ԱԱԾ-ն չի մանրամասնել:

Վարչապետի աշխատակազմից մայիսի 15-ին հայտնել էին, որ երկու երկրների սահմանապահները համաձայնեցված սահմանի վրա կանգնելու են առաջիկա 8-9 օրերի ընթացքում, իսկ Կիրանցի առավել զգայուն հատվածում` ավելի ուշ, որովհետև այդտեղ որոշ մանրամասներ ենթակա են լրացուցիչ ճշգրտման:

Վրաստան տանող միջպետական ճանապարհի Կիրանցի հատվածում ադրբեջանական կողմին է անցնում կամուրջը։ Կառավարությունը հայտարարել է, որ նոր շրջանցիկ ճանապարհ պետք է կառուցվի, 2-3 ամիս ժամկետի մասին է հայտարարվել։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Խանդանյանը Բրազիլիայի դեսպանին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորմանն ուղղված ՀՀ ջանքերը
Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի...
Սպրդող «խաղաղության պայմանագիր»․ Հայաստանը «պատերազմի խաչմերուկում». Ձյունիկ Աղաջանյան
Ցանկացած ընթերցողի կթվա, թե այս բառերն ասվել են ՀՀ գործող իշխանությունների մասին, սակայն սա ամերիկյան գործող վարչակարգի…
Պատմական փաստերը կեղծելու Բաքվի մանիպուլյատիվ քաղաքականության հերթական դրսևորում. ԿԳՄՍՆ-ն հերքում է տարածված լուրերը
Հայաստանի Հանրապետության պատմամշակութային ժառանգության պահպանումը, վերականգնումն ու հանրահռչակումը Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի...
Այս պահի դրությամբ Ոսկեպարի ուղղությամբ այն ցանկապատը, փշալարերը, որի նկարները տարածվում են, չկան. Բագրատ Սրբազան
Ես խնդրել եմ երկրորդ անգամ ստուգել բոլոր հնարավոր ծայրերից: Ես ամսի 21-ին…
Հայաստանին մահաբեր զենքի մատակարարումները լուրջ մտահոգություն են առաջացնում. Հաջիև
Սա հարված է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին...
Կիրանցեցիները կորցրել են իրենց հողերը մշակելու հնարավորությունը. բնակիչ
Կիրանցի բնակիչները կորցրել են Բերքաբերի ջրամբարի ափին գտնվող գյուղատնտեսական նշանակության հողերը մշակելու հնարավորությունը. անհանգստացած են՝ ինչպե՞ս են հավաքելու այդտեղ ցանված ցորենը...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ