Կանադացիներն ապրիլի 28-ին կգնան ընտրատեղամասեր՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններում քվեարկելու համար, հայտնում է CBC News-ը։

Ակնկալվում է, որ 36-օրյա քարոզարշավը, որը օրենքով թույլատրվածներից ամենակարճն է, հիմնականում կենտրոնանալու է այն բանի վրա, թե ինչպես երկրի ղեկավարները կարձագանքեն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի առևտրային պատերազմին և Կանադայի ինքնիշխանության հանդեպ նրա ծաղրին:

Կիրակի առավոտյան եկեղեցական արարողությանը մասնակցելուց հետո վարչապետ Մարկ Քարնին, որն իշխանության ղեկին է ընդամենը մեկ շաբաթ, այցելել է գեներալ-նահանգապետ Մերի Սայմոնին՝ խորհրդարանը լուծարելու նպատակով: Այս մասին նա հայտնել է լրագրողներին։

Ընդամենը մի քանի ամիս առաջ հանրային կարծիքի  հարցումները ցույց էին տվել, որ պահպանողականների առաջնորդ Պիեռ Պուլևրին է վիճակված  մեծամասնության կառավարություն ձևավորել։ Սակայն քաղաքական լանդշաֆտը գլխիվայր շրջվեց այն բանից հետո, երբ նախկին վարչապետ Ջասթին Թրյուդոն հայտարարեց իր հրաժարականի մասին, իսկ Քարնին փոխարինեց նրան:

Այժմ, գրեթե երեք տարվա ընթացքում առաջին անգամ, լիբերալները, որոնք հավակնում են չորրորդ մանդատին, դանդաղ առաջ են անցնում հարցումներում, մինչդեռ պահպանողականների աջակցությունը նվազում է, ըստ CBC Poll Tracker-ի, որը հավաքում է հարցումների տվյալները: Սա ցույց է տալիս, որ լիբերալները, որոնց առաջնորդը Քարնին է, չորսից երեք հնարավորություն կունենային մանդատների մեծամասնություն ստանալու համար, եթե ընտրությունները հիմա անցկացվեին։