News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Մանկապղծության համար 15 տարվա ազատազրկման դատապարտված Սերոբ Տեր-Պողոսյանը փետրվարի 13-ի վիրահատությունից հետո  դեռ շարունակում է մնալ «Միքայելյան» վիրաբուժության ինստիտուտում, թեեւ նրա վիճակը բավարար է եւ կարող է դուրս գրվել հիվանդանոցից: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում «Միքայելյան» վիրաբուժության ինստիտուտի փոխտնօրեն Օնիկ Մելքոնյանը` հավելելով, որ վիրահատության հետ կապված խնդիրներ չկան, ամեն ինչ նորմալ է:

«Ես բաժանմունքի վարիչին ասել եմ, որ նրան դուրս գրելու հարցը աշխատեք լուծել արագորեն, քանի որ նրա վիճակը նորմալ է: Հնարավոր է, որ ուրբաթ օրը դուրս գրվի, մենք հարցն այդպես ենք դրել: Նա շատ առույգ է, աշխույժ, հանգիստ կարող է տեղափոխվել «Դատապարտյալների հիվանդանոց»,- նշեց Օնիկ Մելքոնյանն ու հավելեց. «Զգացվում է, որ ցանկանում է մնալ, պայմանները լավ են, ինքը լյուքս պալատում պառկած է, հեռուստացույց կա, կինը գնում-գալիս է: Իհարկե, անվտանգության ծառայության աշխատակիցներ էլ կան»:

Հիշեցնենք, որ «Ախթալայի լեռնահարստացման կոմբինատի» սեփականատեր, ամերիկահայ գործարար Սերոբ Տեր-Պողոսյանին, Լոռիի մարզի ընդհանուր իրավասության դատարանը, նոյեմբերի 17-ին 15 տարվա ազատազրկման է դատապարտել մանկապղծության համար: Նշենք նաեւ, որ «Ախթալայի լեռնահարստացման կոմբինատի» 70-ամյա սեփականատիրոջը մեղադրում են մեկ տասնյակից ավելի անչափահասների բռնությամբ սեռական հարաբերություններին հարկադրելու մեջ: Նրան մեղադրանք է առաջադրվել 139 հոդվածի 3-րդ մասով (Սեքսուալ բնույթի բռնի գործողությունները): Դատական նիստերն ընթացել են դռնփակ, իսկ հոկտեմբերի 28-ին կայացած նիստում մեղադրողներ Արամ Ամիրզադյանն ու Հովսեփ Սարգսյանը դատարանից խնդրել էին Սերոբ Տեր-Պողոսյանին դատապարտել 15 տարվա ազատազրկման: 15 տարին տվյալ հոդվածով նախատեսված առավելագույն պատիժն է:

Դրանից հետո մանկապիղծը հունվարի 26-ից վիրահատվելու նպատակով ՔԿՀ-ից տեղափոխվել է քաղաքացիական հիվանդանոց: Նա երկու տարի առաջ ԱՄՆ-ում վիրահատվել էր հաստ աղիքի ուռուցքի հետ կապված, սակայն նույն հատվածում նորից գոյացություն էր առաջացել: Այս անգամ եւս Հայաստանում նրան վիրահատել են` հաստ աղիքի չարորակ ուռուցքըունենալու կապակցությամբ:

Տպել
Ամենաշատ