News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 15
Տեսնել լրահոսը

Մանկապղծության համար 15 տարվա ազատազրկման դատապարտված եւ փետրվարի 13-ին «Միքայելյան» վիրաբուժության ինստիտուտում վիրահատված ամերիկահայ գործարար Սերոբ Տեր-Պողոսյանը հնարավոր է հիվանդանոցից դուրս գրվի մյուս շաբաթ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում «Միքայելյան» վիրաբուժության ինստիտուտի փոխտնօրեն Օնիկ Մելքոնյանը: Նրա խոսքով` Սերոբ Տեր-Պողոսյանի վիճակը լրիվ բավարար է, բայց դեռ պետք է կարերը հանեն: «Հնարավոր է` 3-4 օրից դուրս գրենք, օրինակ` երկուշաբթի-երեքշաբթի օրը, եթե բարդություններ չառաջանան, վերքը ինֆեկցիա չանցնի, ապա դուրս կգրենք, իսկ եթե նման բան լինի, մի քանի օրով կձգձգվի»,-ասաց Օնիկ Մելքոնյանը:

Սերոբ Տեր-Պողոսյանի փաստաբան Գիվի Հովհաննիսյանը NEWS.am-ի թղթակից հետ զրույցում նշեց, որ բժիշկները եւ իրավապահները Սերոբ Տեր-Պողոսյանի` հիվանդանոցից դուրս գրվելուց հետո, հաշվի առնելով նրա ախտորոշումը, առողջական վիճակը, հետագա բուժումը, կորոշեն` որտեղ նա կտեղափոխվի: Այսինքն` մանկապիղծը կամ կտեղափոխվի «Երեւան-Կենտրոն» ՔԿՀ, կամ էլ որոշ ժամանակ «Դատապարտյալների հիվանդանոցում» կմնա, այնուհետեւ` կտեղափոխվի: Ի դեպ, մյուս շաբաթ նրանք Վճռաբեկ դատարան բողոք կներկայացնեն` փորձելով փոփոխել Լոռիի մարզի ընդհանուր իրավասության դատարանի կայացրած դատավճիռը: Ավելի վաղ Վերաքննիչ դատարանը մերժել էր նրա բողոքը եւ անփոփոխ թողել Լոռիի մարզի ընդհանուր իրավասության դատարանի կայացրած դատավճիռը:

Հիշեցնենք, որ «Ախթալայի լեռնահարստացման կոմբինատի» սեփականատեր, ամերիկահայ գործարար Սերոբ Տեր-Պողոսյանին, Լոռիի մարզի ընդհանուր իրավասության դատարանը, նոյեմբերի 17-ին 15 տարվա ազատազրկման է դատապարտել մանկապղծության համար: Նշենք նաեւ, որ «Ախթալայի լեռնահարստացման կոմբինատի» 70-ամյա սեփականատիրոջը մեղադրում են մեկ տասնյակից ավելի անչափահասների բռնությամբ սեռական հարաբերություններին հարկադրելու մեջ: Նրան մեղադրանք է առաջադրվել 139 հոդվածի 3-րդ մասով (Սեքսուալ բնույթի բռնի գործողությունները): Դատական նիստերն ընթացել են դռնփակ, իսկ հոկտեմբերի 28-ին կայացած նիստում մեղադրողներ Արամ Ամիրզադյանն ու Հովսեփ Սարգսյանը դատարանից խնդրել էին Սերոբ Տեր-Պողոսյանին դատապարտել 15 տարվա ազատազրկման: 15 տարին տվյալ հոդվածով նախատեսված առավելագույն պատիժն է:

Դրանից հետո մանկապիղծը հունվարի 26-ից վիրահատվելու նպատակով ՔԿՀ-ից տեղափոխվել է քաղաքացիական հիվանդանոց: Նա երկու տարի առաջ ԱՄՆ-ում վիրահատվել էր հաստ աղիքի ուռուցքի հետ կապված, սակայն նույն հատվածում նորից գոյացություն էր առաջացել: Այս անգամ եւս Հայաստանում նրան վիրահատել են` հաստ աղիքի չարորակ ուռուցքը ունենալու կապակցությամբ:

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ