Բուլղարիայի ազգային հեռուստատեսությամբ թուրքական լուրերի հեռարձակման դեմ բողոքող ազգայնական «Բուլղար տղամարդիկ» կուսակցության ղեկավար Ռոսեն Մարկովը կրկին բողոքի նոր ձեւով է հանդես եկել։ Թուրքական Interhaber կայքէջի փոխանցմամբ՝ Մարկովը բուլղարական խորհրդարանի առաջ փորձել է ինքնասպան լինել՝ «խարակիրի» անելով իրեն։ Բուլղարական ոստիկանությանը հաջողվել է էլեկտրաշոկի միջոցով չեզոքացնել Մարկովին։
NEWS.am-ը հիշեցնում է, որ «Բուլղար տղամարդիկ» կուսակցության ղեկավար Ռոսեն Մարկովը ավելի վաղ բուլղարական ազգային հեռուստաընկերության դեմ ինքնահրկիզման փորձ էր արել` ընդդեմ ազգային հեռուստատեսությամբ թուրքական լուրերի հեռարձակման: Ոստիկանությունը կարողացել էր կանխել այդ արարաքը։ Հավաքված բողոքավորների ցուցապաստառների վրա գրված էր. «Ոչ թուրքերեն լուրերին, ինչ կարիք կա նման խայտառակության»: Բացի այդ, Բուլղարիայում ստորագրահավաք է սկսվել՝ ընդդեմ թուրքերեն լուրերի հեռարձակման:
Ի դեպ, 2009-ի ամռանը Բուլղարիայի արտգործնախարար Ռումյանա Ժելեւան հայտնել է, որ 1912-1920 թվականներին Թուրքիայից հեռացած բուլղարների համար նախապատրաստվում է փոխհատուցման պահանջ ներկայացնել Թուրքիային:




























