Օսլոյի «Բիզնես հանուն խաղաղության» հիմնադրամն ընտրել է Էդուարդո Էռնեկյանին որպես այն յոթ պատվավոր անձանցից մեկը, ով 2012թ. դառնալու է «Բիզնես հանուն խաղաղության» մրցանակակիր: Այս հեղինակավոր մրցանակը շնորհվում է նոբելյան մրցանակակիրներից կազմված հանձնաժողովի կողմից, որը հատուկ զբաղվում է աշխարհի տարբեր երկրների ականավոր գործարար անձանց ընտրությամբ:

«Արմենիա» միջազգային օդանավակայաններ ՓԲԸ-ից NEWS.am-ին հայտնում են, որ Էդուարդո Էռնեկյանը մրցանակը կստանա մայիսի 7-ին Օսլոյի Կառավարական պալատում: Արարողությանը ներկա կլինեն Հանձանաժողովի անդամներ` 2006թ խաղաղության նոբելյան մրցանակակիր պրոֆեսոր Մուհամեդ Յունուսը, 2004թ խաղաղության նոբելյան մրցանակակիր պրոֆեսոր Վանգարի Մաաթհային, տնտեսագիտության ոլորտում Ալֆրեդ Նոբելի անվան Sveriges Riksbaks  մրցանակակիր պրոֆեսոր Մայքլ Սպենսը:

Արգենտինայի առեւտրի պալատը Էռնեկյանի թեկնածությունն առաջադրել է որպես բիզնես հանրության համար օրինակ եւ ներշնչանքի աղբյուր ոչ միայն  Արգենտինայում, այլեւ ամբողջ աշխարհում: Արգենտինայի առեւտրի պալատը առանձնացրել է գործարարին այն բանի համար, որ վերջինս միշտ ակտիվ եւ ուժեղ մասնակցություն է ցուցաբերել իր ցանկացած գործունեության ընթացքում:  

«Բիզնես հանուն խաղաղության» հիմնադրամը Առեւտրի միջազգային պալատի հետ  ամեն տարի ընտրում է բացառիկ բիզնեսմենների մի խումբ, որոնք բացի գործարարության մեջ առանձնանալուց իրենց  ընկերություններում ունեցել են հանրայնորեն արժեքավոր ձեռքբերումներ:  

Բացի արգենտինացի գործարարից այս տարի ընտրվել են նաեւ  Իբրահիմ Աբուլեյշը Եգիպտոսից, Անիլ Ագարվալը  Հնդկաստանից, Վլադաս Լասասը Լիտվայից, Դավիթ Վ. Մաքլենանը  Ամերիկայի Միացյալ Նահանգներից, Ռեջինալդ Ա. Մենգրին Տանզանիայից եւ Լատիֆուր Ռահմանը Բանգլադեշից;

Հանձնաժողովի կողմից ընտրվելու համար չափանիշներից է այս թեկնածուների ծավալած այն գործունեությունը, որտեղ նրանք իրենց օրինակով խրախուսում են հանրային պաատասխանատվությունը եւ բիզնես էթիկան: