Մենք համաձայն ենք, որ օրենքը խախտողներին պատժեն, կլինեն դրանք Կոնգրեսից, ՀՅԴ-ից, թե ԲՀԿ-ից, բայց թող հետեւեն, որ բոլորը պատժվեն։ Այս մասին, այսօր՝ մայիսի 6-ին, ասել է ընտրությունների վերահսկման միասնական շտաբ այցելած ՀՀ առաջին նախագահ, ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր- Պետրոսյանը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչու ԲՀԿ խախտումների մասին ոչինչ չեն ասում եւ խոսում են միայն ՀՀԿ խախտումների մասին:

«Մենք ինչ ենք ասել՝ արդար եւ օրինական ընտրություններ: Մենք համաձայն ենք, ովքեր օրենքը խախտում են, թող պատժվեն՝ լինի Կոնգրեսից, ՀՅԴ-ից թե ԲՀԿ-ից, բայց լրագրողներն էլ պետք է հետեւեն, որ բոլորը պատժվեն: Դուք գիտեք, թե ինչ ծավալի ընտրակաշառք է բաժանում ՀՀԿ-ն, բայց առայժմ ոչ մի հանրապետականի չեն բռնել, հանկարծ մի դեպք եք գտել «Բարգավաճից», կարող եք Կոնգրեսից էլ գտնել, ՀՅԴ-ից էլ, չգիտեմ, բայց մի բան գտնել եւ սարքել ասեղ, ուրիշի աչքը մտցնել, իսկ ՀՀԿ-ի մասին լռել, չի կարելի էդպես»,- ասել է ՀԱԿ առաջնորդը, հավելելով, որ ԲՀԿ-ից խախտման մի դեպք է հայտնի:

Միասնական շտաբում գտնվող Հայաստանի ԱԳՆ նախկին նախարար, ԲՀԿ-ական Վարդան Օսկանյանը ասաց, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն այսօր իշխող կուսակցության հիմնական մրցակիցներից մեկն է, եւ իշխող կուսակցությունն ամեն ինչ փորձելու է անել, որ այդ մրցակցությունում բոլոր միջոցներով հաղթի։

Օսկանյանի խոսքն ընդհատելով ՀԱԿ առաջնորդը հավելեց, թե «ուզում եք՝ ես բացատրեմ։ ՀՀԿ-ի եւ ԲՀԿ-ի հակասությունն ինչով բացատրել։ Շատ պարզ։ ՀՀԿ-ն սովոր էր, որ ԲՀԿ-ն պետք է լինի իր կրտսեր գործընկերը, հիմա ԲՀԿ-ն այնպիսի ուժ է դարձել, որ ասում է, ես անկախ ուժ եմ, եւ ուզում եմ իմ անկախ քաղաքականությունը վարել եւ իմ արժանի տեղը զբաղեցնել խորհրդարանում։ Դա դո՞ւր է գալիս ՀՀԿ-ին։ ՀՀԿ-ն ուրիշ հարաբերություններ չի ճանաչում, ՀՀԿ-ն գործընկերություն չի ճանաչում։ ՀՀԿ-ն ճանաչում է միայն տիրոջ ու հպատակի հարաբերություն, ուրիշ ոչինչ։ Սա իմ կարծիքն է, չգիտեմ Օսկանյանը կհամաձայնի՞, թե՝ ոչ։ Սա է տարբերությունը»-ասել է Տեր-Պետրոսյանը։

Ինչ վերաբերում է ՕԵԿ-ին, ապա Լ. Տեր- Պետրոսյանն ասաց, որ «ՕԵԿ»-ը եղել է հպատակ, շարունակում է մնալ եւ ձգտում է հավերժ դառնալ այդ հպատակը»։