Ֆրանսիայի նախագահական ընտրություններում Նիկոլա Սարկոզիի պարտությունից հետո Գյումրիում ծնված փոքրիկ Սարկոզիկի ծնողները չեն զղջում, որ երեխային նրա անունով են կոչել: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում երեխայի հայրը` Կարապետ Ավետիսյանը, նշեց, որ հետեւում են քաղաքական իրաղարձություններին եւ գիտեն, որ Սարկոզին պարտվել է Օլանդին:

«Ոչինչ, մենք չենք փոշմանում, ոչ մի դեպքում չենք փոխի երեխայի անունը»,- նշեց Սարկոզիկի հայրը:

Հարցին, թե եթե նորընտիր նախագահ Ֆրանսուա Օլանդը նույնպիսի դիրքորոշում ունենա Հայոց ցեղսապանության հարցում եւ ակտիվ գործունեություն ծավալի, ապա հնարավո՞ր է, որ երկրորդ որդին ունենան եւ Օլանդ կոչեն, նա պատասխանեց. «Ապագան ցույց կտա, ժամանակի ընթացքում կտեսնենք, դեռ չենք մտածում երկրորդ երեխան ունենալու մասին»:

Ի դեպ, փոքրիկ Սարկոզիկը շուտով 4 ամսական կդառնա, իրեն լավ է զգում եւ առաջիկայում դուրս կգա նրա առաջին ատամը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Գյումրիի ծննդատանը, հունվարի 25-ի կեսօրին, ժամը 14.30-ի սահմաններում, տղա է ծնվել, ում անունն, ի պատիվ Ֆրանսիայի նախագահի, դրել են Սարկոզի: Գյումրիի ծննդատան տնօրեն Արմեն Իսահակյանը հարցին, թե ո՞ւմ առաջարկով են երեխային կոչել Սարկոզի, պատասխանել է, որ ծնողներն ինքնակամ են որոշել, քանի որ Ֆրանսիայի Սենատի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունումից անչափ ոգեւորված են եղել: Փոքրիկին փաղաքշաբար Սարկոզիկ են ասում:

Հիշեցնենք, որ Ֆրանսիայում մայիսի 6-ին կայացել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը: Առաջին փուլում Ֆրանսուա Օլանդը ստացել էր ձայների 28,6 տոկոսը, Սարկոզին` 26,2 տոկոսը: Երկրորդ փուլում Օլանդը ստացել էր 51,8 տոկոս, Սարկոզին` 48,2 տոկոս: Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին ընդունել է իր պարտությունը եւ հաջողություն է մաղթել Ֆրանսուա Օլանդին: