Ե՞րբ, ո՞ր նախագահի օրոք եւ ո՞ր սխալի հետեւանքով Լեռնային Ղարաբաղը դուրս մղվեց բանակցություններից: NEWS.am-ի այս հարցին ի պատասխան, «Ժառանգություն» խմբակցության պատգմավոր Վարդան Խաչատրյանն ասաց. «Երեւի ամենագլխավորն այդ հարցում Հայաստանի կողմից երկրորդ նախագահի օրոք որդեգրված քաղաքականությունն էր, ըստ որի Հայաստանն իր նախագահով ներկայացնում է նաեւ ԼՂ շահերը: Մինչ այդ ձեւակերպումը հետեւյալն էր, որ Հայատանը կստորագրի կամայական փաստաթուղթ, որին կհամաձայնի Ղարաբաղի իշխանությունը, իսկ երկրորդ նախագահի օրոք Հայաստանն սկսեց ներկայացնել Ղարաբաղի շահերը միջազգային ասպարեզում»: Նրա խոսքով, դրա բացատրությունն այն էր, որ քանի որ միջազգային ատյաններում Ղարաբաղն ի վիճակի չէ ներկայացնելու իր շահերը, Հայաստանն իր վրա պետք է վերցնի այդ գործառույթը: «Սա ես համարում եմ իսկապես անթույլատրելի սխալ էր, ինչը, վերջին հաշվով, հանգեցրեց, Մայնդորֆյան հռչակագրի ստորագրմանը, որով եւ վերջնականապես վավերացվեց ԼՂ-ն որպես բանակցային կողմի մեկուսացումը բանակցային սեղանից»:

Հիշցնենք, որ երեկ ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանն ասել ր, որ ԼՂ-ն բանակցություններից դուրս է մղվել 1997 թվականին, երբ հենց այդ նպատակով Ադրբեջանը դուրս է եկել բանակցություններից, որից հետո Քոչարյանր-Ալիեւ հանդիպումների շարքով փորձ է արվել վերականգնել բանակցային գործընթացը, արդեն առանց Ղարաբաղի: Այս առնչությամբ, Վարդան Խաչատրյանն ասաց. «Ես չեմ հիշում, որ Ադրբեջանն ինչ-որ ժամանակ մեկընդմիշտ դուրս է եկել բանակցություններից եւ այդ ընթացքում կորսվել է ԼՂ դերակատարությունը բանակցային սեղանի շուրջ»:

NEWS.am-ի թղթակցի դիտարկմանը, որ 1997 թվականին Ադրբեջանը համաձայնել էր միջնորդների կողմից առաջարկվող փուլային տարբերակին, ինչը ենթադրում է, որ Ադրբեջանը չէր կարող դուրս գալ բանակցություններից, միաժամանակ կողմ լինելով առաջարկվող տարբերակին, Վ. Խաչատրյանը արձագանքեց. «Ինչի մասին է խոսքը, ես նորից եմ ասում, որ չեմ հիշում, որ Ադրբեջանը 1997-ին դուրս է եկել բանակցություններից: Այլ հարց է, որ ինչ որ տեղերում ձգձգել են գործընթացը, որը սովորական երեւույթ է»: