Կալիֆոռնիայի վերաքննիչ դատարանը հրաժարվել է փակել հայտնի լեհ կինոռեժիսոր Ռոման Պոլանսկու դեմ հարուցված գործը` անչափահաս աղջկա հետ սեռական կապ ունենալու համար: Դատավորի որոշմամբ, պետք է հետաքննություն սկսվի 1977 թվականին տեղի ունեցած այդ դեպքի հանգամանքները պարզելու համար, քանի որ Պոլանսկու պաշտպանները պնդում են, որ այն ժամանակ դատավճռի կայացման ընթացքում լուրջ խախտումներ են եղել:

«Պոլանսկու մեղադրանքները պահանջում են անհապաղ եւ ամբողջական ուսումնասիրություն եւ անհրաժեշտության դեպքում նաեւ համապատասխան միջոցների կիրառում»,- ասված է դատավորի հայտարարության մեջ: Հաղորդում է BBC Russia-ն:

Նշենք, որ ներկայումս ռեժիսորը գտնվում է իր Շվեյցարիայի տանը` տնային կալանքի տակ: Դեկտեմբերի սկզբին Շվեյցարիայի քրեական դատարանը որոշում էր կայացրել 4,5 միլիոն ֆրանկի (4,6 միլիոն դոլար) դիմաց ազատ արձակել Պոլանսկուն:

Հիշեցնենք, որ ռեժիսորը ձերբակալվել է սեպտեմբերի 26-ին Ցյուրիխում, որտեղ ժամանել էր փառատոնի մասնակցելու համար: Ձերբակալման համար հիմք է ծառայել ԱՄՆ դատական իշխանությունների՝ ձերբակալման թույլտվությունը, ըստ որի՝ Պոլանսկին մեղադրվում է 1970-ական թվականներին 13-ամյա Սամանթա Գեյմերի հետ ապօրինի կապ ունենալու մեջ: Չսպասելով դատական գործընթացի ավարտին, Պոլանսկին 1978-ին ԱՄՆ-ից մեկնել է Եվրոպա, որտեղ ստացել է Ֆրանսիայի քաղաքացիություն: Հոկտեմբերի վերջին ԱՄՆ-ը պաշտոնապես դիմել է Շվեյցարիային՝ խնդրելով էքստադիցիայի ենթարկել Պոլանսկուն: Սպասվում է, որ շվեյցարական իշխանությունները 2010-ի հունվարի սկզբին որոշում կկայացնեն ռեժիսորին էքստադիցիայի ենթարկել-չենթարկելու վերաբերյալ: