Հայաստանի մաքսային ծառայության տվյալների բազան համապատասխանեցված է Համաշխարհային մաքսային կազմակերպության (ՀՄԿ) տվյալների բազաների հետ: Այս մասին, այսօր` հունիսի 25-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է Պետեկամուտների կոմիտեի (ՊԵԿ) տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության պետ Միքայել Փաշայանը:
«Այսօր ՀՀ մաքսային ծառայությունն պատրաստ է ՀՄԿ ցանկացած անդամ երկրի հետ իրականացնել տվյալների նախնական փոխանակում, ինչի շնորհիվ ավելի կդյուրացվի մաքսազերծման գործընթացը` մի քանի անգամ կրճատելով ապրանքների մաքսային ձեւակերպումների գործընթացի վրա ծախսվող ժամանակն ու գումարը»,-ասել է նա:
Վերջերս Էստոնիայում որպես ՀՄԿ կողմից ԱՊՀ երկրների մասշտաբով միակ հավաստագրված մասնագետ՝ ՊԵԿ տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության պետ Միքայել Փաշայանը «Համաշխարհային մաքսային կազմակերպության տվյալների մոդել» խորագրով աշխատաժողովին հանդես գալով դասախոսությամբ, մեր մաքսային ծառայության օրինակով ներկայացրել է ազգային տվյալների համադրումը ՀՄԿ տվյալների մոդելին: Ավելի վաղ «Հարկատու-3»-ն առաջին մրցանակակիր է ճանաչվել Վրաստանում անցկացված միջազգային ամենամյա մրցանակաբաշխությանը` պետական գործակալությունների կողմից տրամադրվող «ամենակիրառելի էլեկտրոնային ծառայություն» անվանակարգում ներկայացված պետական հատվածի 11 խոշորագույն նախագծերի շարքում:
ՊԵԿ ՏՏ ոլորտի պատասխանատուներն օրերս են վերադարձել Թբիլիսիիում տեղի ունեցած ՀՄԿ կազմակերպած «Հարավային Կովկասում առեւտրի խթանում, «մեկ պատուհան» սկզբունք եւ առեւտրային տվյալների պահանջների ներդաշնակեցում» խորագրով 2-րդ տարածաշրջանային համաժողովից, որին մասնակցել են 25-ից ավելի երկրների մասնագետներ: Համաժողովի ընթացքում Միքայել Փաշայանը ներկայացրել է «Մեկ պատուհան» սկզբունքի ներդրումը Հայաստանի Հանրապետությունումե եւ «Ազգային տվյալների համադրումը ՀՄԿ տվյալների մոդելին՝ ՀՀ մաքսային ծառայության օրինակով» թեմաներով զեկույցներ: Կոմիտեի մասնագետները ներկայացրել են նաեւ «Վրաստանի եւ Հայաստանի միջեւ մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների եւ տրանսպորտային միջոցների վերաբերյալ նախնական տեղեկատվության փոխանակում» թեմայով զեկույց:
Ի դեպ, կողմերը քննարկել են տեղեկատվության փոխանակման վերաբերյալ համաձայնագիր կնքելու մանրամասները: Իսկ համաժողովի ընթացքում արձանագրվել է, որ ՀՀ պետական եկամուտների կոմիտեն կաջակցի մասնակից երկրներին` ազգային տվյալները Համաշխարհային մաքսային կազմակերպության տվյալների մոդելին համադրելու գործընթացում, կփոխանցի Հայաստանի Հանրապետության կողմից ՀՄԿ ստանդարտներին ՀՀ մաքսային հայտարարագրի տվյալների համադրման փաստաթուղթը՝ որպես տիպային օրինակ օգտագործելու եւ կատարված աշխատանքից օգտվելու նպատակով։



























