Հայաստանում գործում է մոտ 100 թանգարան, որից 62-ն ունի պետական կարգավիճակ: Մնացած թանգարանները գործում են համայնքներում, կամ հիմնադրամներին ու հասարակական, կուսակցական կազմակերպություններին կից: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ մշակույթի նախարարությունը:

Թանգարանների կառավարման նոր ձեւերից է հիմնադրամների կողմից ստեղծված եւ ներկայում գործող Սիլվա Կապուտիկյանի, Կալենցի տուն թանգարանները:

Կառավարությունը ժամանակ առ ժամանակ ֆինանսական օժանդակություն է հատկացնում պետական կարգավիճակ չունեցող թանգարաններին, սակայն այդ գործընթացը կանոնակարգված չէ: Բացը լրացնելու նպատակով ՀՀ մշակույթի նախարարությունը կառավարության հաստատմանն է ներկայացրել «Թանգարանային գործունեություն իրականացնող ոչ առեւտրային կազմակերպություններին պետական աջակցության տրամադրման կարգը եւ չափորոշիչները սահմանելու մասին» որոշման նախագիծ, որը ներառվել է հունիսի 28-ի կառավարության նիստի օրակարգում:

Պետական աջակցություն ստանալու համար թանգարանները պետք է ներկայացնեն իրենց ֆինանսական հաշվետվությունները, զարգացման հայեցակարգը, մշակութային առարկաների պահպանության պայմանների վերաբերյալ տեղեկանք եւ այլն: