Հայաստանի հանքարդյունաբերական գոտիներում մարդիկ լուրջ առողջական խնդիրներ ունեն, որոնք ոչ ուսումնասիրվում են, ոչ էլ` լուծում գտնում: Այս մասին այսօր՝ հունիսի 27-ին, լրագրողների հետ հանդիպմանն ահազանգեցին Թեղուտի պաշտպանության նախաձեռնող խմբի անդամները: Նրանք անձամբ այցելել են մի շարք հանքարդյունաբերական գոտիներ, մասնավորապես՝ Սյունիք:
Ուսումնասիրությունների արդյունքում Քաջարան գյուղի երեխաների մազերում հայտնաբերվել է սնդիկ, մկնդեղ, նիկել եւ այլն:
Այդ ուսումնասիրությունների հիման վրա նկարահանել են «Բնության հաշվեհարդար» ֆիլմը, որտեղ ներկայացվում են այդ բոլոր խնդիրները, ինչպես նաեւ մասնավոր դեպքեր:
Թեղուտի պաշտպանության խմբի անդամ, ֆիլմի հեղինակ, լրագրող Թեհմինե Ենոքյանը նշեց, որ ֆիլմում անդրադառնում է հանքարդյունաբերության բերած մի շարք խնդիրների եւ կլինի նաեւ ֆիլմի երկրորդ մասը, որտեղ կշարունակի ներկայացնել խնդիրը:
Խմբի անդամներից բժիշկ Ռուզաննա Գրիգորյանն անդրադարձավ հանքարդյունաբերության եւ առողջության կապին: Նա նշեց, որ դրանց պատճառով կարող են առաջանալ մի շարք հիվանդություններ՝ թոքի, երիկամի, լյարդի քաղցկեղ, եւ այլն, երեխաներից շատերը գլխացավեր, հոդացավեր ունեն, հիշողության հետ կապված խնդիրներ:
Նրա փոխանցմամբ՝ մեր երկրում չկան ուսումնասիրություններ եւ հետազոտություններ, թե ինչպես են հանքերն ազդում մարդկանց առողջության վրա: «Առավելագույնը որ արվում է տարեկան կամ եռամսյակային կտրվածքով նախարարությունները առողջապահական, բնապահպանական ցուցանիշների հաշվետվություն են ներկայացնում, բայց վերլուծություն չի արվում, պատճառահետեւանքային կապը չի վերհանվում»,- նշեց Ռուզաննա Գրիգորյանը:
Իրավաբան Արթուր Գրիգորյանն էլ ասաց, որ մեր երկրում օրենքը չի պարտադրում որեւէ մեկին կատարել ուսումնասիրություն, թե որքանով է արդյունաբերությունը ազդում մարդկանց կյանքի եւ առողջության վրա, ոչ ոք պատասխանատվություն չի կրում փոխհատուցել նրանց հասցված վնասը:
Նա նշեց, որ իրենք չեն ասում, որ հանքարդյունաբերությունը իսպառ վերանա, պարզապես պետք է այնպիսի պայմաններ ստեղծել, որ հնարավոր լինի ապրել, գնահատել ռիսկերը, օգուտներն ու կորուստները:
«Այն գոտիներում, որտեղ բնառեսուրսային պայմանները թույլ են տալիս զարգացնել տնտեսություն այլ ճյուղեր՝ գյուղատնտեսություն, տուրիզմ, պետք է զարգացնել հենց դա, իսկ որտեղ կարելի է հանքարդյունաբերությունը զարգացնել, պետք է ստեղծվեն պայմաններ մարդկանց առողջության համար, ողջամտորեն օգտագործել ռեսուսրները, որպեսզի վնաս չհասցվի շրջակա միջավայրին եւ մարդկանց առողջությանը»,- ասցա իրավաբանը:
Երիտասարդները պահանջում են պահպանել իրենց սահմանադրական իրավունքը՝ առողջ եւ բարեկեցիկ միջավայրում ապրելու, ստեղծել մեխանիզմներ, որոնք կգնահատեն վնասները, կկանխեն եւ կփոխհատուցեն պատճառված վնասները:
Նրանք պատրաստվում են նաեւ պահանջներ ներկայացնել համապատասխան մարմիններին, որպեսզի պատշաճ բարեփոխումներ իրականացնեն, ուսումնասիրվի առկա իրավիճակը:



























