Իրականությանը չեն համապատասխանում լրատվամիջոցներում տարածված տեղեկությունները, թե Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար Վրեժ Գասպարյանն աշխատանքից ազատման դիմում է գրել: Նա NEWS.am-ի թղթակից հետ զրույցում հերքեց այդ տեղեկությունները` նշելով, որ դիմում չի գրել եւ շարունակում է աշխատել:

Հարցին, թե ինչն է պատճառը, որ անընդհատ իր` աշխատանքից ազատվելու մասին լուրեր են շրջանառվում, նա դժվարացավ պատասխանել: «Ամեն դեպքում ես ինքս իմ կողմից առիթ չեմ տվել ղեկավարությանը եւ ղեկավարության կողմից այդպիսի ակնարկ չի եղել»,- ասաց Վրեժ Գասպարյանը: Նա խոստովանեց, որ նման խոսակցություն իր եւ ԱԺ նախագահի միջեւ եղել է եւ Հովիկ Աբրահամյանը նրան ասել է` «աշխատենք, աշխատենք, աշխատենք, ինչքան կարող ենք, լավ աշխատենք»:

«Ես ինքս էլ եմ զարմանում, կարելի է ենթադրել, միգուցե դրանով ինչ-որ մոտիվացիա, ստիմուլացիա են ձեւավորում: Այս ամենն ավելի շատ մարդուն հունից հանում է, հաճելի չէ, իհարկե»,- ասաց նա:

Իսկ եթե, այնուամենայնիվ, Վ. Գասպարյանին աշխատանքից ազատեն, նա փաստաբանական գործունեությամբ կարող է զբաղվել: «Ես «փեշակ» ունեմ` հավատարմագրված փաստաբան էեմ, աշխատանքի բազմամյա փորձ ունեմ, գիտելիք, կարող եմ մասնավոր իրավաբանական գրասենյակ բացել, ծառայություններ մատուցել կամ էլ որեւէ պետական ատյանում առաջարկի դեպքում աշխատանքի անցնել»,-ասաց նա:

Փոխարենը իրականությանը համապատասխանում են ԱԺ անձնակազմի կառավարման վարչության պետ Վարդուհի Խաչատրյանի` աշխատանքից ազատվելու դիմում գրելու մասին լուրերը: Այս մասին մեզ հաստատեցին ԱԺ-ից:

Նշենք, որ լրատվամիջոցներում տեղեկություններ էին տարածվել, որ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել ԱԺ աշխատակազմի ղեկավար Վրեժ Գասպարյանը: «Սպասվում էր, որ Գասպարյանն աշխատանքից ավելի շուտ կազատվեր, բայց հարցը ձգձգվում էր: Ըստ մեր տեղեկությունների, Գասպարյանը, ինչպես նաեւ ԱԺ անձնակազմի կառավարման վարչության պետ Վարդուհի Խաչատրյանն աշխատանքից ազատվել են ԱԺ պատգամավորների վճարովի օգնականների հետ պայմանագրերի կնքման գործընթացը ձգձգելու պատճառով»,- գրել էր «Հայկական ժամանակը»: