Տավուշի մարզի Նավուր գյուղում հունիսի 27-ին տեղի ունեցած ողբերգական միջադեպից հետո հիվանդանոց տեղափոխված Բորիս Պետրոսյանի վիճակն իրականում ոչ մի ծանր էլ չի եղել, նա պարզապես խմած քնած է եղել: Այս մասին NEWS.am-ի Տավուշի թղթակցի հետ զրույցում ասաց Բերդի հիվանդանոցի վիրաբուժական բաժանմունքի վարիչ Համլետ Պետրոսյանը: «Այդ մարդը պարզվեց ահավոր խմած է եղել, առավոտը ուշքի է եկել, կռիվ սարքել հիվանդանոցում, որ թողնենք գնա տուն, վիճաբանել է բժիշկների հետ ու դուրս գրվել գնացել տուն»,-ասաց նա:

Բաժնի վարիչի փոխանցմամբ, նրա մոտ խոր խմածություն է հայտնաբերվել, որի պատճառով ընկել է տրանսի մեջ: «Բժշկության մեջ դա կոչվում է խոր մրափ»,-ասաց Համլետ Պետրոսյանն ու ավելացրեց, որ 53-ամյա Բորիս Պետրոսյանը մեծ սեր է ունեցել ալկոհոլի նկատմամբ եւ հաճախակի է նման վիճակում հայտնվել:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, Տավուշի մարզի Նավուր գյուղում, հունիսի 27-ին, ժամը 12-ի սահմաններում, սարսափելի դեպք էր գրանցվել: Ամուսիններ Վալենտին Սարգսյանը եւ Լիանետա Պետրոսյանը կենցաղային հարցերի շուրջ վիճել էին, ինչի արդյունքում կինը գնացել էր հայրական տուն, որտեղ բնակվել են եղբայրն ու նրա կինը:

Զայրացած ամուսինը գնացել էր կնոջ հետեւից, հայհոյանքներ տվել, ու սպառնացել, որ կպայթեցնի իր մոտ եղած նռնակը եւ այն նետել էր աներորդու տան մեջ: Պայթյունի հետեւանքով մահացել էին ինքը` Վալենտին Սարգսյանը, կինը՝ Լիանետա Պետրոսյանը, աներորդու կինը՝ 60-ամյա Թամարա Հարությունյանը, իսկ աներորդին՝ 53-ամյա Բորիս Պետրոսյանը, մարմնական ծանր վնասվածքներով տեղափոխվել էր Բերդի բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները վիճակը գնահատում էին ծանր, ու հնարավոր էր այսօր տեղափոխվեր մայրաքաղաք Երեւան, սակայն ինչպես պարզվեց, նա եղել է առողջ` «խմած քնած»: