Կառավարության շենքի դիմաց, այսօր` հունիսի 28-ին, կառավարության հերթական նիստի օրը, բողոքի ակցիայի մասնակիցների թվում գտնվող ժամկետային զինծառայողի մայրն ուշաթափվել է: Այս մասին դեպքի վայրից փոխանցում է NEWS.am-ի թղթակիցը: Զինծառայողների ծնողները նկատելով կառավարության շենք մուտք գործող Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանին մոտեցել են նրան եւ փորձել ներկայացնել իրենց հուզող հարցերը եւ հենց այդ ժամանակ էլ ուշագնաց է եղել ժամկետային զինծառայողի Ռուբեն Միքայելյանի տատը` Գոհար Չիֆիկյանը:

Ոստիկանները շտապօգնություն են կանչել եւ նրան առաջին բուժօգնություն են ցուցաբերում:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ կառավարության շենքի դիմաց հունիսի 26-ի ուշ երեկոյան, հացադուլ են հայտարարել մայր եւ դուստր: Մայրը Գոհար Չիֆիկյանն է, դուստրը` Շամիրամ Միքայելյանը: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նրանք նշել էին, որ Շամիրամ Միքայելյանի որդին` Ռուբեն Միքայելյանը 2011-ի հուլիսի 1-ին մեկնել է Սիսիանի զորամաս ծառայության, որի ընթացքում, հոկտեմբերին շարային վարժությունների ժամանակ հրապարակային ծեծի է տեղի ունենում: Դեպքի առթիվ զինվորներին տանում են հարցաքննության:Դրանից օրեր անց, ավագ լեյտենանտ Ալբերտ Խաչատրյանը մոտեցել է Ռուբենին եւ նրան հրապարակային անվանել «գործ տվող», որից հետո, Շ. Միքայելյանի ներկայացմամբ, որդին լվացարանում կտրել է երակները:

Այդ դեպքից հետո Ռուբենը երկու ամիս անցկացրել է հոգեբուժարանում, որից հետո նրան տեղափոխում են ռազմական ոստիկանությունում ծառայությունը շարունակելու: Արդեն ռազմական ոստիկանությունում, հունիսի 15-ին, ըստ մոր պատմածի, որդուն հայտնում են, որ իր նկատմամբ մեղադրանք է առաջադրվել «ինքնասպանության փորձ» հոդվածով` ժամկետային ծառայությունից խուսափելու համար: Շամիրամ Միքայելյանի փոխանցմամբ, դրանից օրեր անց որդու ինքնազգացողությունը վատացել է եւ նրան հունիսի 24-ին տեղափոխել են հիվանդանոց:

Այժմ զինվորի մայրն ու տատը, պահանջում են Ռուբենի վրայից հանել մեղադրանքը եւ թողնել նորմալ ծառայի: Նրանց խոսքով, ի սկզբանե Ռուբեն Միքայելյանը չպետք է շարային ծառայություն անցներ, քանի որ սրտի հետ կապված հիվանդություն ունի, բայց հենց առաջին օրվանից նա շարային ծառայության է անցել, ինչն օրենքի խախտում է: