Կառավարության ծրագրի 46 էջում խոստումներ են, իսկ վերջին 2 էջում ռիսկերն են ներկայացված, թե ինչու չեն կարող այդ խոստումներն իրականացնել: Այս մասին, այսօր՝ հունիսի 29-ին, մամուլի ասուլիսում ասաց ԱԳ նախկին նախարար, «Ազատ դեմոկրատների» անդամ, պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը, հավելելով, որ այդ ծրագիրն ընդամենը կենաց է, իսկ վատ կենացներ չեն լինում:

Նա նշեց, որ այդ ծրագրում իրեն դուր է եկել ծնելիության խթանման կետը, հավելելով, որ կարծում է` հայ ժողովուրդը ծնելիության խթանման ձեւը գիտի, պարզապես այդ խթանման համար պայմաններ են պետք:

Դիտարկմանը, թե ընդդիմադիր կեցվածքը պահելու համար ԲՀԿ-ն պետք է դուրս գա ՀՀԿ-ի ծոցից, Ալեքսանդր Արզումանյանն ասաց, որ ինքը  չէ, որ ԲՀԿ-ին ուղարկել է ՀՀԿ-ի ծոցը, այդ ուժը հինգ տարի եղել է ՀՀԿ ծոցում եւ կողմ է քվեարկել նրանց առաջարկած օրենքներին` մարտի 1-ի արտակարգ դրություն հաստատելուց սկսած:

Լուսանկարը` Սոնա Բարսեղյանի