Սիսիանի զորամասում ճնշումների արդյունքում ինքնասպանության փորձ կատարած Ռուբեն Միքայելյանի գործը հայտնվել է Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի ուշադրության կենտրոնում: Այս մասին NEWS.am-ին տեղեկացրեցին ՄԻՊ գրասենյակից:

Այսօր` հունիսի 29-ին, Ռուբեն Միքայելյանի մայրը` Շամիրամ Միքայելյանը դիմում է գրել Մարդու իրավունքների պաշտպանին, որ վերջինս զբաղվի տվյալ խնդրով: ՄԻՊ-ի գրասնյակից այցելել են նաեւ զինվորին:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ կառավարության շենքի դիմաց հունիսի 26-ի ուշ երեկոյան, հացադուլ էին հայտարարել մայր եւ դուստր: Մայրը Գոհար Չիֆիկյանն է, դուստրը` Շամիրամ Միքայելյանը: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նրանք նշել էին, որ Շամիրամ Միքայելյանի որդին` Ռուբեն Միքայելյանը 2011-ի հուլիսի 1-ին մեկնել է Սիսիանի զորամաս ծառայության, որի ընթացքում, հոկտեմբերին շարային վարժությունների ժամանակ հրապարակային ծեծի է տեղի ունեցել: Դեպքի առթիվ զինվորներին տարել են հարցաքննության: Դրանից օրեր անց, ավագ լեյտենանտ Ալբերտ Խաչատրյանը մոտեցել է Ռուբենին եւ նրան հրապարակային անվանել «գործ տվող», որից հետո, Շ. Միքայելյանի ներկայացմամբ, որդին լվացարանում կտրել է երակները: Այդ դեպքից հետո Ռուբենը երկու ամիս անցկացրել է հոգեբուժարանում, որից հետո նրան տեղափոխել են ռազմական ոստիկանությունում ծառայությունը շարունակելու:

Արդեն ռազմական ոստիկանությունում, հունիսի 15-ին, ըստ մոր պատմածի, որդուն հայտնում են, որ իր նկատմամբ մեղադրանք է առաջադրվել «ինքնասպանության փորձ» հոդվածով` ժամկետային ծառայությունից խուսափելու համար:

Շամիրամ Միքայելյանի փոխանցմամբ, դրանից օրեր անց որդու ինքնազգացողությունը վատացել է եւ նրան հունիսի 24-ին տեղափոխել են հիվանդանոց:Այժմ զինվորի մայրն ու տատ պահանջում են Ռուբենի վրայից հանել մեղադրանքը եւ թողնել նորմալ ծառայի: Նրանց խոսքով, ի սզբանե Ռուբեն Միքայելյանը չպետք է շարային ծառայություն անցներ, քանի որ սրտի հետ կապված հիվանդություն ունի, բայց հենց առաջին օրվանից նա շարային ծառայության է անցել, ինչն օրենքի խախտում է:

Ի դեպ, հունիսի 28-ին էլ կառավարության նիստի օրը, բողոքի ակցիայի ժամանակ վատացել էր  զինվորի տատիկի` Գոհար Չիֆիկյանն ինքնազգացողությունը եւ նրան տեղափոխել էին հիվանդանոց:

Լուսանկարը` Սոնա Բարսեղյանի