Հայ տղամարդը, ում Լոս Անջելեսի Նորթ Հոլիվուդ արվարձանում հայտնաբերել էին գլխի վնասվածքով, մահացել է հիվանդանոցում:

The Los Angeles Times-ի փոխանցմամբ, Գլենդելի 46-ամյա բնակիչ Սարո Բեգլարյանը մահացել է երեկ գիշերը: Լոս Անջելեսի քննչական ծառայության ներկայացուցիչ Էդ Ուինթերը հայտնել է, որ Բեգլարյանին հայտնաբերել են Քարթրայթ պողոտայում, երկու շինությունների արանքում, գետնին ընկած:

Ոստիկանությունն առայժմ տեղեկություն չունի` կատարվածը հանցագործություն էր, թե դժբախտ պատահար, սակայն ըստ քննիչի, Սարո Բեգլարյանի գլխի վնասվածքը հիմք է տալիս կարծելու, որ կատարվածը ամենայն հավանականությամբ, սպանություն է եղել: