Պետեկամուտների կոմիտեի պատվիրակությունը` նախագահ Գագիկ Խաչատրյանի գլխավորությամբ, հուլիսի 5-6-ին մասնակցել է Օսլոյում կայացած Հարկային մարմինների ներեվրոպական կազմակերպության (ՀՄՆԿ) 16-րդ ընդհանուր համագումարին:

Համագումարի ընթացքում, որի օրակարգի հարցն էր` «Արդյունավետ կառավարում` քայլ ընդառաջ ռեակտիվ (արձագանքող) մոտեցումից պրոակտիվ (նախաձեռնող) մոտեցմանն անցում կատարող հարկային մարմիններին», հնարավորություն է տրվել պարզելու, թե ինչպե՞ս է հնարավոր արդյունավետ մոտեցում ցուցաբերել հարկային պարտավորությունների կատարման նոր եղանակների, հարկային մարմիններում նոր մշակույթի ներդրման, ինչպես նաեւ հարկային մարմինների աշխատանքների վրա տեխնոլոգիաների կիրառման նոր զարգացումների ազդեցության վերաբերյալ:

Տնտեսական, ֆինանսական եւ սոցիալական արագընթաց փոփոխությունները հարկային մարմիններից պահանջում են հարկերի հավաքագրման գլխավոր գործառույթն իրականացնելիս լինել նախաձեռնող, նորարարարություններ կիրառող եւ ճկուն` ապահովելով հարկ վճարողների կողմից հարկային պարտավորությունների կատարումը` մատուցելով բարձրորակ ծառայություններ եւ կրճատելով կիրառվող ռեսուրսներն ու ծախսերը: Համագումարի մասնակիցներն ընդունել են ՀՄՆԿ-ի բացառիկ եւ կարեւոր դերը` անդամ հարկային մարմինների միջեւ համագործակցության, փորձարարության, լավագույն պրակտիկայի եւ գիտելիքների փոխանակման գործում` հատկապես առկա տնտեսական բարդ ժամանակաշրջանում, երբ ռեսուրսները բավականին սահմանափակ են:

Համագումարը կազմակերպվել էր Նորվեգիայի հարկային մարմնի նախագահությամբ եւ աջակցությամբ, որին մասնակցում էին շուրջ 180 ներկայացուցիչներ` անդամ հարկային մարմիններից, բարձրաստիճան պաշտոնյաներ Նորվեգիայի կառավարությունից, Եվրոպական միությունից, Տնտեսական համագործակցության եւ զարգացման կազմակերպությունից, Արժույթի միջազգային հիմնադրամից, հարկային մասնագետներ եւ հետազոտողներ: